Հայաստանը հետամուտ է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությանը
ОбществоՀայաստանի Հանրապետությունը հետամուտ է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ և ակտիվ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի Ազգային ժողովը հանձնառու է եվրոպական ու միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների քաղաքականության իրագործմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի բացման ժամանակ: «Հայաստանի Հանրապետությունը, հետևողականորեն շարունակելով ժողովրդավարական հասարակությունների կայացման քաղաքականությունը, մշտապես կարևորել է երկրի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ»,-ավելացրեց Գալուստ Սահակյանը: Նա կարևորեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությանը` Գալուստ Սահակյանը նշեց, որ հայ խորհրդարանականները ակտիվորեն մասնակցում են ոչ միայն վեհաժողովի նստաշրջաններին, այլև նմանատիպ սեմինարների ու միջոցառումների: «Երևանում Ռոուզ Ռոթ սեմինարներ անց են կացվել երկու անգամ` 2005-ին և 2010-ին, սա երրորդն է: Այս սեմինարի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման հարցերը: Հայաստանը հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին և հավատացած է, որ դրան կարող են նպաստել երկխոսությունը, փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը»,-նկատեց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Գալուստ Սահակյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ այն պետք է հիմնվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացման վրա` միջազգային նորմերին համապատասխան: «Մենք խաղաղ կարգավորման ջատագովներն ենք ու համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,-ավելացրեց Գալուստ Սահակյանը:
«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:
Եռօրյա սեմինարի ժամանակ անդրադարձ կկատարվի Մերձավոր Արևելքում եւ դրանից այն կողմ ԻԼԻՊ-ի գործունեությանը, հայկական սփյուռքի վրա դրա ունեցած ազդեցությանը, նաև Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգության խնդիրներին, տարածաշրջանում քաղաքական զարգացումներին եւ քաղաքացիական հասարակության, փակ սահմանների, տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերներին: