Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարությունը չկայացավ
ОбществоՇիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 18-ին շարունակվելու էր Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայր` Հարություն Գրիգորյանն սպանվել էր 2014 թվականի հուլիսի 24-ին՝ Գետք գյուղի լքված անասնագոմի տարածքում:
Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության արդեն նախկին պետ Արման Կաթունյանը, որին խանդի հողի վրա կատարած սպանության համար մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության` ՀՀ ՔՕ 104 հոդվածով: Ավելի ուշ, նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների հիման վրա և դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում՝ մեղադրանքը վերաորակավորվել է կուտակային հոգեբանական խիստ հուզման՝ աֆեկտի պահին կատարված հանցագործության՝ ՀՀ ՔՕ 105 հոդվածի: Սա հիմք է հանդիսացել մեղադրական հոդվածի և ինքնաբերաբար նաև խափանման միջոցի փոփոխության:
Արման Կաթունյանը, վերաորակավորման շնորհիվ, արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ չի գտնվում: Դատական այս նիստին չէին ներկայացել ինչպես ամբաստանյալն, այնպես էլ պաշտպանները, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը նախապես դիմում էր ներկայացրել՝ խնդրելով դատական նիստը հետաձգել: Հարգելի պատճառով դատական նիստին չներկայանալու մասին հեռախոսազանգով տեղեկացրել էր նաև պաշտպաններից մեկը, մինչդեռ ամբաստանյալի բացակայության մասին նախնական տեղեկություն չի եղել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 3-ին: