ԱԺ-ն 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը
ОбществоԱզգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Մեզ համար անընդունելի է այս լարված պահին, տնտեսական բարդ իրավիճակում նման օրինագծի ընդունումը: Մենք առաջարկում ենք հանել այս նախագիծը, թող կառավարությ ունը բերի հիմնավորումները, որից հետո միայն սրան անդրադառնանք: Եթե հիմա չեք հանում այս նախագիծը, և մենք պետք է քվեարկենք, ես 20 րոպե ընդմիջում եմ վերցնում»,- նշեց Բիշարյանը:
Հեղինե Բիշարյանին միացան նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը: Նրանք ևս այն կարծիքին են, որ օրենքի նախագիծը խնդրահարույց է, և տնտեսական բարդ իրավիճակում այդ նախագծի ընդունումն էլ ավելի է լարելու իրավիճակը, քանի որ ենթադրելու է թանկացումներ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը: Պատգամավորները հունիսի 18-ի նիստում իրենց դժգոհությունն էին հայտնել օրենքի նախագծի վերաբերյալ, ընդգծելով, որ դրա ընդունումը երկրում նոր թանկացումների է բերելու: Օրենքի նախագծին դեմ էին արտահայտվել նաև քաղաքական մեծամասնության պատգամավորները: Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ ինքն արդեն պայմանավորվել է կառավարության հետ և օրենքի նախագծի երկրորդ ընթ երցմամբ քննարկումը տեղի կունենա աշնանը, իսկ մինչ այդ կառավարությունն ավելի լուրջ հիմնավորումներ և ազդեցության գնահատականներ կներկայացնի: