Հո բոմժի նման սառնարանում «կառոբկայի» մեջ չեմ ապրելու. ԵՊՀ նորընտիր ռեկտորն՝ իր ունեցվածքի մասին
ОбществоTert.am-ը գրում է.
Շատ տգեղ բան է, երբ մարդու ունեցվածքը սկսում են հաշվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին:
«Պետք է ասեմ, որ մինչև ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում, եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները: Աղջիկս չորս սենյականոց բնակարան էր ստացել երիտասարդ մասնագետների շենքում, որի գումարը տարիների ընթացքում վճարել եմ, հիմա էլ այդ բնակարանը վաճառել և երկու սենյականոց բնակարան ենք գնել»,- հայտարարեց Արամ Սիմոնյանը:
Շարունակելով իր խոսքը՝ վերընտրած ռեկտորն ասաց նաև հետևյալը. «Վերջին հաշվով ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ»:
«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»,- շարունակելով թվարկել իր ունեցվածքը՝ հեգնանքով ասաց Արամ Սիմոնյանը: