Էլեկտրաէներգիայի թանկացմամբ հարվածում ենք և՛ տնտեսությանը, և՛ բիզնեսին, և՛ քաղաքացիների գրպանին. Գագիկ Մակարյան
ИнтервьюԷլեկտրաէներգիայի թանկացումները թափանցիկ ու ազնիվ աշխատող գործատուներին կանգնեցնում են երկու խնդրի առջև, մի կողմից նրանք ստիպված են թանկացնել՝ որոշակի եկամտաբերություն ապահովելու համար, մյուս կողմից էլ գիտակցում են, որ դրա արդյունքում կարող են շուկայից դուրս մնալ կամ իրացման ծավալները նվազել: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ հավելելով նաև, որ այդ գործատուների համար շատ դժվար կլինի նաեւ նույն գինը պահելը:
«Խնդիրը այն է, որ երկրում գոյություն ունի անհավասար մրցակցություն, թանկացումը բերում է նրան, որ այդ մարդիկ դժվարանում են իրենց ապրանքները յուրացնել շուկայում: Իսկ նրանք, ովքեր գործում են ստվերում, նրանց համար այդ թանկացումը նշանակություն չունի, որովհետև ստվերայնության չափը փոխելով՝ կկարողանան կարգավորել իրենց կորուստը»,-ասել է նա:
Մակարյանն ընդգծում է, որ թանկացումներն առաջին հերթին հարվածում են փոքր բիզնեսին, սպառողի գումարները չեն բավարարում, որովհետև աշխատավարձերն էականորեն չեն աճում: «Հետևաբար՝ նրանց գումարները նվազում են, ինչն էլ գցում է գնողունակությունը: Բացի դրանից, կա նաև գործազրկության բարձր մակարդակ: Այսինքն՝ այս թանկացումներով հարվածում ենք և տնտեսությանը, և բիզնեսին, և քաղաքացիների գրպանին, ինչպես նաև նպաստում ենք հասարակության մեջ աղքատության որոշակի խորացմանը»,-մտահոգություն է հայտնել տնտեսագետը:
Բանախոսի ներկայացմամբ՝ ինստիտուցիոնալ առումով խնդիր ունենք: Նա հիշեցնում է, որ էներգետիկ ոլորտի պատասխանատուները մշտապես հայտարարում եմ, որ չունեն լծակներ, հետեւաբար՝ չեն կարող միջամտել այսօրինակ հարցերի լուծմանը: «Բայց դա ճիշտ չէ: Ես բազմիցս կարդացել եմ կանոնադրության այն կետերը, որոնք թույլ են տալիս միջամտել: Վերջին հաշվով, եթե տեսնում ենք, որ մեր լծակները բավարար չեն, ապա կառավարությանն առավելագույնը մեկ ամիս է անհրաժեշտ՝ կանոնադրական փոփոխություններ անելու համար, եթե, իհարկե, ցանկություն կա ինստիտուցիոնալ առումով ինչ-որ մի բան անելու: Հոսանքի թանկացման մասին երեք ամիս է խոսում ենք. բավարար ժամանակ է, որ այդ կանոնադրությունն արդեն փոփոխված լիներ, և Էներգետիկայի նախարարությունն այդ լծակը կիրառեր »,-նկատել է նա:
Ըստ Մակարյանի՝ նույն խնդիրն ունի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բանախոսն այնպիսի տպավորություն ունի, որ հանձնաժողովն աշխատում է ֆուտբոլային տերմինաբանությամբ ասած՝ «փոխանցումների սկզբունքով»: «Թվում է, թե այս անգամ փորձում են քննադատել կամ դժգոհել իրավիճակից, բայց իրականում, կարծում եմ, նրանք պայմանավորվածությունների շրջանակում են աշխատում: Եվ նույնիսկ այն, որ Բիբինն ասում է, թե 6.93 դրամով թանկանալու դեպքում իրենք չենք կարողանա համակարգն արդյունավետ կերպով շահագործել և էլի խնդիրներ կունենան, չեմ կարծում, անկեղծ է ասում: Այդ թիվը նրանց լիովին բավարարում է»,- տեսակետ է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահը: