«Տեսանելիից վեր» համերգային ծրագիրը՝ Գյումրիում
Культура«Գյումրիի ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությամբ, հունիսի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում համատեղ ծրագրով հանդես եկան հայտնի թավջութակահար ՖելիքսՍիմոնյանն ու Ազգային կամերային նվագախումբը: «Տեսանելիից վեր» համերգային ծրագիրը բարեգործական էր՝ մուտքն ազատ բոլոր ցանկացողների համար:
Ծրագիրը բազմաժանր էր՝ եթե համերգի առաջին մասի ընթացքում հնչեցին Մառեյի, Ֆրեսկոբալդի-Կասադոյի, Չայկովսկու և Ռեսպիգիի ստեղծագործություններն, ապա երկրորդ մասում Ֆելիքս Սիմոնյանի ստեղծագործություններն էին: Միջազգային տարբեր բեմերում հանդես եկած թավջութակահարն ավելի քան 10 տարի է ինչ բնակվում է Ֆրանսիայում, բայց հայրենիքում կրկին ելույթ ունենալը շատ հուզիչ ու պատասխանատու է համարում:
Գյումրիում «Տեսանելիից վեր» համերգային ծրագիրն առաջինն էր, բայց ինչպես տեղեկացրեց Ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, վերջինը չէ՝ նույն համերգային ծրագիրը կներկայացվի նաև Երևանում:
«Թեև սա հայտնի թավջութակահարի հետ համատեղ առաջին ծրագիրն է, բայց, ցանկության դեպքում, հնարավոր է նոր ծրագրերով հանդես գանք: Ուրախացնում է նաև այն, որ այս նախագծում Ֆելիքս Սիմոնյանը հանդես է գալիս ոչ միայն որպես թավջութակահար, այլ նաև որպես կոմպոզիտոր: Ստեղծագործությունների մի մասն առաջին անգամ է ներկայացվում: Հուսով եմ, ապագայում ևս հնարավորություն կունենաք Ֆելիքս Սիմոնյանի հետ համատեղ ծրագրով ելույթ ունենալ: Ուրախ եմ, որ երկար տարիների բացակայությունից հետո, Ֆելիքս Սիմոնյանը կրկին ելույթ է ունենում Հայաստանում»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:
«Գյումրիի ընկերներ» հիմնադրամի համահիմնադիրներ՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի խորհրդի անդամ, ֆրանսիական «Ֆինեկո» ինժեներական կազմակերպության հիմնադիր Մանուել Փամոկջյանը երեկոյի ընթացքում նշեցին, որ ապակենտրոնացման այս քայլը միակը չի լինի՝ առջևում բազմաթիվ միջազգային ճանաչում ունեցող աստղերի համերգային ծրագրերն են՝ նախ Գյումրիում, ապա նոր Երևանում :