Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարությունն ընթանում է ըստ պլանավորած ժամկետների
ОбществоՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը մանրամասներ ներկայացեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքի վերաբերյալ: Ազգային ժողովում ավտոճանապարհային միջանցքի շինարարության համար նոր վարկային համաձայնագրի քննարկման ընթացքում, պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին Աշտարակ-Արտաշատ հատվածի 20 կմ երկարությամբ ավտոճանապարհին այս պահին ավարտվել են բետոնապատման աշխատանքները: «Այդ հատվածում շարունակվում են կահավորման, մասնավորապես, լուսավորության, անվտանգության տարրերի տեղադրման և այլ աշխատանքներ, որպեսզի տարեվերջին այս ճանապարհը հանձնենք շահագործման»,- ասաց Առաքելյանը:
Աշտարակից Թալին ընկած ճանապարահատվածում իրականացվում են հողային աշխատանքներ: Փոխնախարարը հայտնեց, որ այս հատվածի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2017թ.: «Մենք ըստ պլանավորածի շարժվում ենք առաջ և հույս ունենք, որ ժամանակին շահագործման կհանձնենք այդ հատվածը: Այնտեղ այս պահին լայնածավալ հողային աշխատանքներ են իրականացվում, քանի որ այդ հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ ևս պետք է իրականացվեն»,- ասաց Առաքելյանը:
Անդրադառնալով Թալինից Գյումրի տանղ ավտոճանապարհի շինարարությանը՝ փոխնախարարը հիշեցրեց, որ անցած տարի աշնանը Ազգային ժողովը վավերացրել է երկու վարկային համաձայնագիր, որոնցով իրականացվելու է այդ հատվածի շինարարությունը: Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ այդ հատվածում էլ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և առաջիկայում կհայտարարվի երկու միջազգային մրցույթ: «Մրցույթների միջոցով կընտրվեն շինարարները, և Թալին-Գյումրի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքները կսկսվեն 2016թ.»,- եզրափակեց Առաքելյանը: