Կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի պաղպաղակների արտադրությունը
ОбществоՀայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» եւ «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը:
«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված «Շոկոլադ», «Ստրաչետելա» եւ «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրատեսակները՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:
Ընկերությանը հանձնարարվել է մինչեւ հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ նշված պաղպաղակների արտադրատեսակների տվյալ խմբաքանակները իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով: