ՀԱԿ-ը լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը
Общество«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան ընդդեմ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանական ուժերի նախաձեռնած միջոցառումների:Այս մասին ասվում է ՀԱԿ խմբակցության տարածած հայտարարությունում:
ՀԱԿ պատգամավորները պահանջում են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել ուժ կիրառած պաշտոնատար անձանց: «Հերթական անգամ խաղաղ հավաք անցկանող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների եւ լրագորղների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել եւ վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ»,- նշված է հայտարարությունում:
Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: Ցուցարարների պահանջը էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը չեղյալ համարելն է:
ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը: Նստացույցը ցրելու հետևանքով շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: Տուժածների թվում կան նաև 11 ոստիկաններ: