Ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հայտարարություններով Բաղրամյան պողոտայի միջադեպի առիթով
ОбществоԸնդդիմադիր քաղաքական կուսակցություններն իրենց դիրքորոշումն են արտահայտել Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանությունում համարում է, որ տեղի ունեցածը քննադատության չի դիմանում և ոստիկանության գործողություններն անհամաչափ են եղել: «Ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի քանի անձանց կոռումպացվածության հետևանքով Հայաստանում կրկին թանկացումների շղթա է սկսելու»,- նշել է Մելիքյանն ու ՍԴՀԿ անունից կոչ արել ազատ արձակել բերման ենթարկվածներին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ թանկացման դեմ պայքարողները կարող են հաղթանակի հասնել միասնականության շնորհիվ, կրկին պահանջել է իշխանափոխություն ու նշել. «Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում»:
Հայտարարություն է տարածել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: «Ազատ դեմոկրատների» քննադատության թիրախում նույնպես հայտնվել է ոստիկանությունը. «Առանց որևէ օրինական հիմքի ոստիկանության տարբեր բաժանմունքներ է տարվել ավելի քան 237 քաղաքացի»: «Ազատ դեմոկրատները» կոչ են արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում գտնվող ՀՀ քաղաքացիներին:
Ավելի վաղ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը, որում նշվում է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Ոստիկանությունը հիշեցրել է, որ հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են. «Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը»,- նշված է ոստիկանության տարածած հայտարարությունում: