Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական նախագծի 2015 թ. ծրագրի մեկնարկին
ОбществоՄեկնարկել է Արարատյան Հայրապետական թեմի` «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որի առաքելությունը միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցելն է ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զինվորների ընտանիքների հետ միասին մասնակցել է զոհված զինվորականների Հոգեհանգստյան պաշտոնին, որը մատուցվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցած բարեգործական ծրագրի մեկնարկի արարողությանը։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ հանգանակություն է կատարվում, որը, ըստ ԱՀԹ նախատեսած խմբերի և ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակների, ամբողջությամբ բաշխվում է միաժամանակ երկու կամ երեք զինծառայող ունեցող, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելիս հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորների ընտանիքներին։ Այս տարի ծրագրում ընդգրկված է Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինծառայողների 362 ընտանիք։
Այս տարի, ինչպես և նախորդ տարի էր, 50 մլն դրամ է հանգանակվել։ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կատարել են հանգանակությունը, ինչպես նաև «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրին սատարողներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արարատի մարզպետարանին։