Ընդդիմությունը տապալել է պաշտոնյաներին գիտական կոչում ստանալու հնարավորությունից զրկող նախագծի ընդունումը
ОбществоԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մերժեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը վերաբերում էր «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝1 պատգամավոր: Քանի որ տվյալ դեպքում անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցեին պատգամավորների կեսից ավելին՝ այսինքն` 66 պատգամավոր, օրենքի նախագիծը չընդունվեց:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությանն է վերապահված գիտական աստիճանի շնորհման և գիտական կոչումների կանոնակարգերի ընդունման լիազորությունը:
Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագծում կատարվել են փոփոխություններ: Սահմանվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող հավակնել գիտական աստիճանի իրենց պաշտոնավարման ընթացքում, բացառությամբ այն անձանց, ում ատենախոսության թեմաները հաստատվել են բուհերի կամ գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: «Սա նշանակում է, որ երկրի թոփ 500 պաշտոնյաներ իրավունք չեն ունենա պաշտպանել և գիտական աստիճան ստանալ իրենց պաշտոնավարման ընթացքում: Սա պաշտոնյաներին չի խ ոչընդոտում զբաղվել գիտությամբ, սա չի տարածվի գիտական կոչումների վրա»,- հայտարարեց Աշոտյանը:
Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտեցին ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Քվեարկությանը չեն մասնակցել նաև ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունները:
Քվեարկությունից և նախագծի տապալումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր Ազգային Ժողովում շատ տարօրինակ բան է կատարվել:
Ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով, այն է` քվերկությանը չմասնակցելով, չընդունվեց մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն: Խոսքը վերաբերում էր մեր այն առաջարկությանը, որով արգելովում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց (շուրջ 500 հոգի) գիտական աստիճանի հավակնել իրենց պաշտոնավարման ընթացքում:
Այն մարդիկ, որոնք պաշտոնյաների կողմից գիտական թեզի ամեն պաշտպանություն փորձում են վերածել սկանդալի, այսօր մերժեցին այդ հարցը օրենքով կարգավորելու հնարավորությունը:
Հ. Գ. Այսօր Ազգային ժողովում ընդդիմությունը փաստացի կարող էր տապալել ցանկացած օրինագիծ` այդքան քննարկվող վարկային համաձայնագրեր, արտաքին պարտքի և այլն:
Սակայն մեր թունդ ընդդիմադիրները «խիզախեցին» տապալել միայն իշխանավորների իրավունքները փաստացի սահմանափակող օրինագիծը:
Ընդդիմություն եմ ասել, էհ...»: