Կմնանք Ազատության հրապարակում այնքան ժամանակ, մինչև ազատ արձակեն վերջին ձերբակալվածներին. ակցիայի մասնակիցներ
ОбществоԻնչպես հայտնում է Orer.am-ը, Ազատության հրապարակում այս պահին ընթանում են կազմակերպչական աշխատանքներ, որոնց միջոցով ակցիայի մասնակիցները մարդկանց փորձում են ուղղորդել դեպի Ազատության հրապարակ: Իրավիճակը ոստիկանության հսկողության տակ է:
Մինչ մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակում հավաքված բազմահազարավոր մարդկանց կոչ արեցին չենթարկվել սադրանքներին, չտրվել հուզմունքին ու էմոցիաներին:
«Մենք այսօր առավոտյան սպարտացիների պես 300 հոգով կանգնեցինք ու պայքարեցինք, մենք չեն կոտրվելու, գնալու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց Արմեն Գեւորգյանը:
Հայտարարվեց նաեւ, որ ակցիայի մասնակիցները կմնան Ազատության հրապարակում այնքան ժամանակ, մինչ ազատ արձակվեն վերջին ձերբակալվածները, դրանից հետո միայն կմշակվեն պայքարի տարբերակներն ու քայլերը: Ի դեպ, րոպեներ առաջ ազատ է արձակվել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանանը:
«Մենք մեր պահանջը չենք փոխել, մեզ վախեցնելը դժվար է, անհնարին: Սա այն երիտասարդությունն է, որը տեսել է պատերազմ, վատ տարիներ, այնպես որ պայքարն առաջ ենք տանում: Մեր սերունդը եկել է առաջնորդելու Հայաստանի ժողովրդավարացումը»,- նշեց ակցիայի մասնակիցը:
Մեկ այլ մասնակից էլ հանդես եկավ առաջարկով. ըստ նրա՝ պայքարի մեթոդներից մեկը պետք է լինի հանձնաժողովի ստեղծումը, որն էլ կզբաղվի ստեղծված իրավիճակից ելնելու լուծումներ գտնելով, ինչպես նաեւ ՀԷՑ-ի կողմից կատարված գողությունն ապացուցելով.
«Պետք է ձեւավորել տնտեսագետների խումբ, որպեսզի ապացուցենք, որ իրականում տեղի է ունեցել թալան, որը կազմակերպվել է այս իշխանությունների շնորհիվ: Կոչ եմ անում ներգրավել տվյալ խմբի մեջ ձեր բարեկամներին ու հարազատներին, որոնք հասկանում են էներգետիկ ոլորտից ու տնտեսագիտությունից»:
Սոսե Չանդոյան