Իրավիճակը թեժանում է. գործի են դրվում աղբամանները
ОбществоԻնչպես հայտնում է Orer.am-ը, այս պահին Բաղրամյան պողոտայում են գտնվում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ, որոնք ոստիկանության առաջ դրել են հստակ պահանջ` ազատ արձակել մինչ այս պահը ձերբակալված ակցիայի բոլոր մասնակիցներին:
Նշենք, որ պահանջի հետ կապված Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ չկա նախաձեռնության գեթ մեկ անդամ, ով գտնվում է անազատության մեջ: Վերջինս իր հավելեց, որ ցանկացած անօրինական քայլի դեպքում ոստիկանությունը կրկին դիմելու է պայքարի իր մեթոդներին` գործի դնելով համապատասխան բոլոր միջոցները:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ անժամկետ նստացույց իրականացնողների շարքերում հայտնվել են սադրիչներ, որոնք քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Հատկանշական մի հանգամանք եւս. ոստիկանների վրա վարդի թերթիկներ լցրած քաղաքացիներն այժմ նրանցից պաշտպանվում են փողոցում տեղակայված մեծ աղբամաններով, որի կիրառումը ոստիկանությունը համարում է սադրիչ գործողություն եւ կոչ է անում հեռացնել դրանք կենտրոնից:
Այս պահի դրությամբ ոստիկանների կոչերը ապարդյուն են, քանզի ցուցարարները բավական բորբոքված են այսօր առավոտյան տեղի ունեցածից, որն էլ պատճառ է հանդիսանում այլեւս հաշվի չնստել ոստիկանների հրահանգների հետ:
Ի դեպ, այս պահին ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացնում, նկատվում են փշալարեր, ըստ մեր տեղեկությունների, մոտենում են նաեւ ջրցան մեքենաները:
Տեղեկացնենք, որ այսօր արդեն պահանջատեր քաղաքացիների կողքին են գտնվում նաեւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, դերասաններ եւ երգչուհիներ, որոնք միանալով բողոքի ակցիային` իրենց դժգոհությունն են հայտնվում Բիբինի գործելաոճի եւ որոշումների հետ կապված: «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նշեց. «Ինձ դուր է գալիս այսօրվա հանրահավաքը, սակայն սա դեռ սկիզբն է: Պահանջատեր են մեր քաղաքացիները, նրանք չպետք է հետ կանգնեն իրենց որոշումից եւ գնան միայն առաջ»:
Սոսե Չանդոյան