Կրթության եւ գիտության նախարարն ու պատգամավորները կենդանի պատ են կազմել Բաղրամյան պողոտայում
ОбществоՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միացավ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ կենդանի պատ կազմելու կոչերին ու ժամանեց Բաղրամյան պողոտա: Այնտեղ արդեն հավաքվել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, մտավորականներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր ավելի վաղ կոչ- հայտարարությամբ բռնոթյունը բացառելու նախաձեռնությամբ հանդես եկան: Ցուցարարները անհանդուրժողականություն դրսևորեցին Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նկատմամբ: Նրանց հասցեին սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել. նույնիսկ նկատվեց, որ ցուցարարներից մեկը ինչ-որ իր նետեց Արմեն Աշոտյանի ուղղությամբ:
Իր հերթին՝ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախաձեռնության նպատակն ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև հնարավոր բախումը կանխելն է: «Մենք չենք եկել այստեղ, որպեսզի միջամտենք ակցիայի մասնակիցների գործողություններին և ծրագրերին: Պարզապես ցանկանում ենք կանխել հնարավոր միջադեպը, որը տեղի ունեցավ նախօրեին»,- ասաց Քոքոբելյանը:
Բաղրամյան պողոտա գալու եւ կենդանի պատը կազմելու հայտարարություն-կոչն արվել է դերասաններ Հայկ Մարությանի, Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի , Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գեւորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչ այժմ այն շարունակվում է: