Ակտիվիստները ոստիկաններին ջուր բաժանեցին
ОбществоԱյս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը խաղաղ է: Չնայած տապին` հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են մեկ գաղափարի շուրջ: Նրանց պահանջը մինչ օրս անփոփոխ է. հավաքված մարդիկ ցանկանում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացումը:

Այս պահին խաղաղ ցուցարարները երգում են հայրենասիրական երգեր՝ չդիմելով որեւէ անկարգության: Նրանք քիչ առաջ ջրեր բաժանեցին պայքարի դուրս եկած պահանջատեր քաղաքացիներին, ինչպես նաեւ հասարակական կարգը պահող ոստիկաններին:

Նշենք, որ ողջ գիշեր ցուցարարների կողքին կանգնած պատգամավորներից այս պահին ոչ ոք չի գտնվում Բաղրամյան պողոտայում: Այստեղ են միայն Բարեւ Երեւան խմբակցության ավագանիներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը: Ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի՝ քաղաքացիների կողմից որպես պատնեշ` աղբամանները չեն կարող դիտարկել որպես սադրանք, եթե այդպես լիներ, ապա դրանք վաղուց վերացված կլինեին: Ս. Սաֆարյանը նաեւ նկատեց, որ իշխանությունները չափից դուրս մտազբաղ ու վախեցած են ստեղծված իրավիճակից, նրանք փորձելու են դիմել հնարավոր միջոցների որպեսզի բախումներ չլինեն, քանզի այս պահին Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում են գրեթե բոլոր առաջադեմ պետությունները:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք ահազանգներ են ստացել, որ որպես բարիկադներ օգտագործվող աղբամանների մեջ քարեր կան: Օսիպյանը լրագրողներին կոչ արեց նկարահանել իրենց կողմից տարվող խուզարկության ընթացքը: Խուզարկելու ընթացքում պարզվեց, որ աղբամաններում միայն շինարարական աղբեր են, սակայն բոլոր աղբամանները չեն ստուգվել: Նա նշեց, թե ցանկացած ահազանգի դեպքում իրենք պետք է ստուգումներ անցկացնեն:
Սոսե Չանդոյան