Հայաստանը և Վրաստանը խորացնում են համագործակցությունը քրեակատարողական ոլորտում
ОбществоՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության հուշագիր:
«Արդարադատության ոլորտում Վրաստանի հետ մեր համագործակցությունը գրեթե մեկ տարվա պատմություն ունի: Այս հուշագրի կնքումը շատ կարևոր է, քանի որ Հայաստանը պատիժների կատարման և պրոբացիայի ոլորտում իրականացնում է բարեփոխումներ և Վրաստանի Հանրապետությունը բավական մեծ փորձ է կուտակել այս ոլորտներում, ինչը շատ կարևոր է: Մենք իրականացնելու ենք փորձի փոխանակում վերը նշված ոլորտներում»,- նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Իր հերթին, Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիրին, շնորհակալություն հայտնելով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից հետո հայ գործընկերների ցուցաբերած աջակցության համար, շեշտեց, որ փաստաթղթի շրջանակում Հայաստանը և Վրաստանը համագործակցելու են քրեակտարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրական զարգացման և ՔԿՀ-երի անվտանգության ապահովման ուղղություններով: «Այս հուշագիրը հիմք է ծառայելու մեր երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար: Հատկապես պրոբացիայի ծառայությունում մենք կուտակել ենք հարուստ փորձ, որը կօգնի մեր հայ գործընկերներին»,- ընդգծեց նա` հույս հայտնելով, որ նշված ոլորտներում հայ-վրացական համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու:
Փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև կալանավորված անձանց և դատապարտյալների նյութակենցաղային ապահովման, նրանց բժկական սպասարկման, վերասոցիալականացման և վերաինտեգրման, պրոբացիոն ծառայության ոլորտում համատեղ կրթական ու փորձի փոխանակման ծրագրեր: