Անծայրածիր նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման դեմ
ОбществоԲաղրամյան պողոտան լեփ-լեցուն է պահանջատեր քաղաքացիներով, ովքեր արդեն 6-րդ օրն է՝ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ,- հայտնում է Orer.am-ը:
Նշենք, որ մարդկանց հոսքը դեռ շարունակվում է, իսկ ցույցն անծայրածիր է: Այս պահին ցուցարարների շարքերը կրկին համալրել են պատգամավորները: Բաղրամյան պողոտայում է գտնվում նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:
Հավաքված մարդիկ երգում են հայրենասիրական երգեր, պարում են քոչարի: Սակայն քիչ առաջ ակցիայի կազմակերպիչներից Վաղինակ Շուշանյանը Վալերի Օսիպյանին մտահոգություն հայտնեց` հնարավոր սադրանքների վերաբերյալ: Բաղրամյանի հարակից փողոցներից մեկում, ըստ լուսանկարների, մայթին հայտնաբերվել են մահակներ, երկաթե ձողեր, քարեր և այլն: Օսիպյանը խոստացավ ստուգել տեղեկությունը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում է ուժեղացված հսկողություն, քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր նաեւ Վլադիմիր Գասպարյանը, ով, զրուցելով իր ենթակաների հետ, հեռացավ այնտեղից:
Ժամանակ առ ժամանակ ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ, չնայած իրենց մեջ կան սադրիչներ, այնուամենայնիվ, նրանք փորձում են վերահսկել իրավիճակը, քանի որ իրենք նպատակ ունեն խաղաղ կերպով հարցին լուծում տալ. «Քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մենք տեսել ենք ձեր նկարները ու ճանաչում ենք ձեզ, հեռացե՛ք մեր շարքերից»,- կոչով ոստիկաններին դիմեցին ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր կոչ էր արել բոլորին հավաքվել Ազատության հրապարակում և երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կողմից կոչը ընդունվել է, եւ հարյուրավոր մարդիկ եկել են պողոտա, որտեղ նրանց ընդունել են բուռն ծափողջյուններով: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ շփման ժամանակ տեղեկացրեց, որ ամեն ինչ ընթանում է իր հունով:
Սոսե Չանդոյան