Սոթքում առաջիկայում կգազաֆիկացվի 70 բնակարան
ОбществоԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան 70 բաժանորդ: Ինչպես տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, 2013-14 թվականների ընթացքում Սոթքի գազատարի արտաքին ու ներքին ցանցերի շինարարության համար ծախսվել է 44 միլիոն դրամ, ինչի արդյունքում կառուցվել է 2700 գծամետր գազատար, սակայն առայժմ բնակարաններում բնական գազը չի միացվել:
«Շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը գազատարը կառուցել էր մասնակի թերություններով, որոնք ուղղելու համար հարկ եղավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ մեր միջամտությունը: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շինարարները վերացնում են թերությունները եւ, հավանաբար, օրերի ընթացքում գազատար ցանցը կնախապատրաստեն շահագործման, որից հետո 70-ի չափ բնակիչ-բաժանորդներն իրենց տներում կունենան երկար սպասված բնական գազը»,- հավաստեց համայնքի ղեկավարը:
Սոթքի գազաֆիկացման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 85 միլիոն դրամ, որից 44 միլիոնի ներդրումն արդեն կատարված է: Այս տարվա ընթացքում Սոթքի գյուղապետարանը կհասցնի կատարել եւս 10 միլիոն դրամի ներդրում, ինչի արդյունքում կգազաֆիկացվի եւս 20 բնակարան: «Մարդիկ ձգտում են իրենց կյանքի որակի եւ կենցաղի բարելավման, իսկ տեղական իշխանությունը փորձում է ամեն կերպ դրական արձագանքել այդ ձգտումներին ու պահահանջներին»,- նշեց Կոլիկ Շահսուվարյանը: