Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի. Հունան Պողոսյան
ОбществоՀայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե իրենք սադրիչի են գտել՝ ուկրաինացի աղջկա, եւ նրան հորդորել են լքել տարածքը։ Լրագրողի հարցին, թե ինչպես են իմացել, որ նա սադրիչ է, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Մենք դրա համար ենք գումար ստանում»։
Փոխոստիկանապետը այժմ դժգոհում է բողոքի ակցիայի նախաձեռնողներից, նշում, թե նախորդ օրերին լավ համագործակցում էին, բայց այժմ ակցիայի մանսակիցները սրման են գնում, մարդիկ են հայտնվել, որոնք ագրեսիվ բաներ են անում։ «Ոստիկանությունը ունի հստակ գործառույթներ, եւ միակ գերատեսչությունն է, որ մենք առայժմ համագործակցում ենք, հորդորում, որ հարգեն մեզ։ Բոլոր պայմանավորվածությունները մենք պահում ենք, բայց հանրահավաքի մասնակիցները մեծ մասը չեն պահում»,- ասել է Պողոսյանը։
Նա հայտնել է, թե իրենց կարող են ցանկացած պահի գործողություներ կատարել։ «Ցանկացած պահին կարող ենք կատարել, ուժ եւ հնարավորություններ ունենք։ Նորից եմ կրկնում, երեխեք, էնտեղ սադրիչներ կան»,- ասաց նա, իսկ հարցին, թե ինչու բերման չեն ենթարկում այդ սադրիչներին, եթե տեղեկություններ ունեն, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Այս զանգվածի մեջ սադրիչներ բերման ենթարկելը նոր սադրանք կծնի»։
Խոսելով նախորդ օրը իրենց կիրառած բռնի գործողությունների մասին, նա նշել է, թե ծառայողական քննություն է ընթանում, քրգործ էլ է հարուցվել դեպքերի կապակցությամբ։
«Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի»,- համենայն դեպս ասաց փոխոստիկանապետը։