Հովհաննես Մանուկյանը հորդորեց սպասել ՀՀ ոստիկանության ծառայողական քննության արդյունքներին
ОбществоԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը լուսաբանող լրագրողների հանդեպ հունիսի 23-ին իրականացրած գործողությունների իրավական գնահատականը պետք է տրվի ՀՀ ոստիկանության ծառայողական քննության իրականացումից հետո: «ՀՀ ոստիկանության ծառայողական քննությունը պետք է պատասխանի մի շարք հարցերին, այդ թվում`արդյոք համաչափ են եղել լրագրողների հանդեպ ոստիկանների իրականացրած գործողությունները: Ես հավատում եմ, որ մենք ունենք հասուն հասարակություն և վստահ եմ, որ մենք կգտնենք ճիշտ հարաբերակցությունը մի կողմից ժողովրդավարական արժեքների և մարդկանց իրավունքների իրացման, մյուս կողմից` հասարակական կարգի պահպանության անհրաժեշտության և ազգային անվտանգության որոշակի խնդիրների միջև»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հիշեցնելով, որ իրենց ծառայությունը իրակացնող ոստիկանները մեր եղբայրներն են, և իրենք նույնպես էլեկտրաէներգիայի սպառողներ են:
Նա նկատեց, որ որևէ երկրում չի կարող լինել կայուն հասարակություն, եթե հասարակության որևէ հատված ընկճված է և երաշխավորված չեն նրա ազատությունները: «Մեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել: Ես վստահ եմ, որ այս իրավիճակում մեր հասարակությունը ճիշտ լուծում կգտնի, և մենք կհաղթահարենք այս խնդիրները»,-շեշտեց Հովհաննես Մանուկյանը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկն երի օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: