Չեխիան կաջակցի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստեղծմանը. չեխ ԱԳ նախարար
ОбществоՉեխիայի Հանրապետությունը պատրաստ է աջակցել Հայաստանին կառուցելու Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը, դա պատճառներից մեկն է, որ պաշտոնյան Հայաստանում է: «Ինչ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերություններում» հարցին ի պատասխան` Չեխիայի ԱԳ նախարարը ասաց. «Ինչ-որ բան պետք է որոշվի ձեր կողմից, ես շատ գնահատում եմ, որ ձեր քաղաքական գործիչները հետաքրքրված են Հայաստանի ու ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր կնքելով: Եվ դա պատճառներից մեկն է, թե ես ինչու եմ այստեղ: Չեխիայի Հանրապետությունը ԵՄ-ի մաս է, և մենք պատրաստ ենք օգնել կառուցել այդ համագործակցությունը, իրագործել այդ նոր համաձայնագիրը»:
Լյուբոմիր Զաորալեկը նաև ուրախություն հայտնեց, որ Երևանում Չեխիայի դեսպանատան աշխատանքն է մեկնարկում: «Չեխիայի Հանրապետությունը պատրաստ է կառուցել այդ հարաբերությունները, քանի որ Հայաստանը համարում ենք մեր պատմության մի մասնիկը»,-ավելացրեց նա:
1992թ. Հայաստանի և Չեխոսլովակիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։ Չեխոսլովակիայի բաժանումից հետո` 1993թ.-ին, ՀՀ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ: 2011թ. օգոստոսի 11-ին Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Սեպտեմբերի 7-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի Հանրապետության Նախագահ Վացլավ Կլաուսին: 2015թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիկան իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: