Պաշտպանն ինքնաբացարկ հայտարարեց դատավորին եւ լքեց նիստերի դահլիճը
ОбществоԵրևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Նիստի ժամանակ պաշտպան Կրոմվել Գրիգորյանը շարունակեց դեպքի հետ կապված հարցեր ուղղել վկա Միլենա Միրիջանյանին, սակայն վերջինս պնդում էր, որ ոչինչ չի հիշում:
Տեղեկացնենք, որ պաշտպանի կողմից հնչեցվող հարցերի մեծամասնությունը դատավոր Տ. Գրիգորյանը հանում էր՝ ասելով, որ նախորդ նիստի ժամանակ դրանք արդեն հնչեցվել են: Դատավորի մոտեցումը վրդովվեցրեց պաշտպանին, ով Տ. Գրիգորյանի գործողությունները համարեց անօրինական:
Դատավարության ընթացքում կտրուկ վատացավ ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի ինքնազգացողությունը: Շտապօգնության աշխատակիցների այցից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ ի վիճակի չէ ներկա գտնվել դատական նիստին, նա խնդրեց, որպեսզի այն հետաձգվի:
Պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, սակայն մեղադրող կողմը առարկեց այն, իսկ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ հայտարարեց. «Շտապօգնության աշխատակիցների կողմից որեւէ հայտարարություն չեղավ՝ կապված ամբաստանյալի առողջական վիճակի հետ, հետեւաբար որեւէ հիմք չկա միջնորդությունը բավարարելու եւ դատական նիստը հետաձգելու համար»:
Դատավորի հայտարարությունը հունից հանեց պաշտպան Կրոմվել Գրիգորյանին, ով ինքնաբացարկ հայտարարեց դատավորին եւ լքեց նիստերի դահլիճը:
Պաշտպանի այդ քայլից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հեռացավ՝ պաշտպանի գործողությունների դեմ որոշում կայացնելու: Վերադառնալով՝ նա հայտարարեց, որ որոշում է կայացվել դատական սանկցիա կիրառել Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ. «Նա պատասխանատվության կենթարկվի դատական կարգ ու կանոնը խախտելու համար»:
Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի բացակայության պատճառով և նշանակվեց հուլիսի 3-ին:
Սոսե Չանդոյան