Թող գտնեն այն թանկարժեք բիոզուգարանը, որն առավ Տիգրան Սարգսյանը եւ բերեն Բաղրամյան պողոտա. Ալեն Սիմոնյան
ОбществоԱյս պահին Բաղրամյան պողոտան, որտեղ արդեն մի քանի օր է անց է կացվում բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, կրկին մարդաշատ է:
Նշենք, որ ցուցարարների տրամադրությունը բավական բարձր է, հնչում են հայրենասիրական տարբեր երգեր, կանանց եւ աղջիկներին բաժանվում են ծաղիկներ, ակցիայի մասնակիցների կողմից իրականացվում է նաեւ աղբահանություն: Ի դեպ, ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա նշենք, որ երեկվա փոքր միջադեպից հետո ըստ Վ. Օսիպյանի՝ աղբահանություն իրականացնող «Սանիտեկ» ընկերությունը հրաժարվել է զբաղվել տարածքը մաքրելու գործընթացով, ինչն այդքան էլ ցուցարարների սրտով չէ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը գտնում է, որ հարկավոր է ակցիայի մասնակիցների համար ստեղծել համապատասխան պայմաններ. պարտադիր պահանջ է բիոզուգարանների տեղադրումն ու աղբահանության իրականացումը. «Հիմա ակտիվիստներն աղբը հավաքում են պոլիէթիլենային մեծ տոպրակների մեջ եւ տանում այն տարածք, որտեղից «Սանիտեկ» ընկերության մեքենաներին ավելի հարմար կլինի աղբը տեղահանել: Մեզ այդքան էլ չի հետաքրքրում, թե երեկվա միջադեպից նրանք ինչ են զգում, եթե նեղացել են թող նստեն տանը ու այդտեղից դուրս չգան, դա իրենց խնդիրն է: Մեր քաղաքապետարանի հետ նրանք պայմանագիր ունեն կնքած եւ իրենց պարտականությունների մեջ է մտնում նաեւ մասսայական միջոցառումների ժամանակ կազմակերպել աղբահանության խնդիրը: Թույլ տվեք նկատել, որ եթե իշխանական ինչ որ համերգ լիներ՝ նրանք վաղուց եկել ու մաքրել էին տարածքը»:
Անդրադառնալով նաեւ բիոզուգարանների անհրաժեշտության խնդրին՝ Ա. Սիմոնյանը նկատեց. «Քաղաքապետը պարտավոր է տարածքը ապահովել բիոզուգարաններով, քանի որ այստեղ օրեկան հավաքվում է մոտ տաս հազար մարդ, իսկ հարակից տարածքների սրճարանների զուգարաններից օգտվելն այդքան էլ հարմար չէ:
Պայմաններ դնելուց առաջ թող նախեւառաջ իրենց պարտականությունները կատարեն հետո նոր խոսեն բարձր երաժշտության եւ այլնի մասին: Թող գտնեն այն բիոզուգարանը, որն առավ Տիգրան Սարգսյանը եւ բերեն Բաղրամյան պողոտա: Ես՝ որպես քաղաքացի, խնդրում ու պահանջում եմ դա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից»:
Սոսե Չանդոյան