Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնում երկու մրցանակ է ստացել
КультураՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի կինոփառատոնի շրջանակում երկու մրցանակ է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:
«Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում հունիսի 25-ին անցկացվել է Հարություն Խաչատրյանի 60- ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո: Այդ երեկոյի ժամանակ նրան մրցանակ է հանձնվել՝ համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար: Խաչատրյանին մրցանակ է հանձնել նաև ռուս կինոգործիչների գիլդիան: Այդ մրցանակը կոչվում է «Սպիտակ փիղ»: Վերադառնալուն պես ավելի մանրամասն կպատմի ինքը՝ Հարություն Խաչատրյանը»,- նշեց Միքայել Ստամբոլցյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» (1989) ֆիլմը: «Քամին ունայնությանը» վավերագրական և խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական համադրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում: