Բաղրամյան պողոտայի բողոքի ալիքը ձեւավորվել և հասունացել է տարիների ընթացքում. Արման Բոշյան
ОбществоԲաղրամյան պողոտայում ձեւավորվող շարժումը մեկ օրում չի ծնվել: Պարզապես այդ բողոքը հասունացավ, և մարդիկ դուրս եկան փողոց: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար Արման Բոշյանը:
Վերջին տարիներին չհիմնավորված թանկացումները պարբերական բնույթ են ստացել, հետեւաբար, բանախոսը բողոքի պատճառները օբյեկտիվ է համարում: «Ես կարող եմ սա ձևակերպել որպես սոցիալական պայթյուն: Այն արդար է, սակայն գոյություն չունի այնպիսի սոցիալական բողոք, որ քաղտեխնոլոգները և քաղաքական գործիչները չփորձեն օգտագործել սեփական քաղաքական շահերի համար»,- նկատել է նա: Բոշյանը շտապում է գոհունակությամբ հավելել, որ ակտիվիստները բավական գիտակից են՝ սադրանքներն անմիջապես զգում են և փորձում դրանք կանխել տեղում:
Բանախոսը համոզված է, որ ռուսական ընկերությունը` «Ինտեր» ՌԱՕ-ն, որի դուստր ձեռնակությունն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, չէր կարող չգիտակցել, թե ինչ տեղի կունենա այս անգամ սակագնի բարձրացումից հետո: «Այն նաև չէր կարող չգիտակցել քաղաքական իրավիճակը, լարվածությունը, որը կա տարածաշրջանում, ընդհանուր լարված աշխարհաքաղաքական իրավիճակը և տնտեսական այն բարդ պայմանները, որի մեջ ապրում է հայ ժողովուրդ: Այն նաեւ չէր կարող չգիտակցել, որ այս անգամ թանկացումը կարող է հանգեցնել պայթյունի: Նրանք չէին կարող դա չիմանալ, իսկ եթե չգիտեին, ապա չունեն լավ վերլուծաբաններ»,-ընդգծել է Բոշյանը:
Աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարը կարծում է, որ ներկա իրավիճակը հնարավոր է հարթել, եթե ռուսական ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ետ կանչի իր հայտը: Բացի դրանից, նա կարեւորում է ընկերության ազգայնացումը: «Պետք է հայթայթել միջոցներ՝ այն ազգայնացնելու համար, որ ռազմավարական ոլորտները ծառայեն պետական շահերին: Այդ ժամանակ էլ նախագահից պահանջել գին իջեցնել: Հիմա նախագահը չի կարող ստիպել անգամ մենաշնորհ ունեցող ընկերությանն աշխատել ի վնաս իրեն: Ես զարմանում եմ, որ կոչն ուղղում են նախագահին, այն պետք է ուղղել էլեկտրական ցանցերին, որոնք էլ պատասխանատուն են վատ կառավարման և լույսի թանկացման համար»,-տեսակետ է հայտնել նա: Այնուհանդերձ, նա նկատում է, որ պետությունն այս հարցում ունի իր մեղքի բաժինը, քանի որ նորմալ չեն գործել վերահսկման մեխանիզմները:
«Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները չի կարելի վաճառել: Դրանցից են կախված երկրի անվտանգությունը, քաղաքական կայունությունը: Այսօր զարմանալիորեն հայտնաբերեցինք, որ բիզնեսն ունի սեփական շահը, և խոշոր բիզնեսի շահերը երբեք չեն համընկնում պետական ազգային շահերին»,- ասել է Արման Բոշյանը և հավելել, որ հասարակության սխալն է եղել, որ ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու ժամանակ դուրս չի եկել փողոց: