Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևորել է քրիստոնյա Վրաստանի հետ ջերմ հարաբերությունները
ОбществоՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները հունիսի 26-ին Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի աղետալի ջրհեղեղի զոհերին՝ նշելով, որ հետևել են դեպքերին՝ աղոթելով զոհվածների հիշատակի և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Վեհափառը կարևորել է հարևան եղբայրական, քրիստոնյա Վրաստանի հետ առկա բարեկամական ջերմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ու խորացմանը նպաստող տարբեր ձևաչափերի միջոցառումները՝ գոհունակություն հայտնելով մասնավորապես արդարադատության ոլորտում երեք նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների և զարգացող համագործակցության առիթով:
Զրույցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձել է Վրաստանի հայ համայնքի հավատավոր զավակների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող որոշ խնդիրների, այդ թվում՝ հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունն, ներկաներին տալով իր հայրապետական օրհնությունը, ողջույններ է փոխանցել Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին: