Քաղաքացիական ծառայության համակարգը ենթարկվում է միջազգային գնահատման
ОбществоՀանրային կառավարման համակարգի աջակցության կարիքների գնահատում իրականացնելու նպատակով` «Մասնակցային ժողովրդավարություն, բաց կառավարում և արդյունավետ էլ-կառավարման ծառայություններ» (PADOS) ծրագրի փաստահավաք խումբն այցելել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: Ինչպես տեղեկացրին քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից, խմբի կազմում են եղել Հանրային կառավարման ֆիննական դպրոցի (HAUS) վերապատրաստման ծրագրերի համակարգող Ռեյո Լինդը և Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի ավագ փորձագետ Իվար Տալլոյը:
Հունիսի 25-ին և 26-ին կայացած հանդիպումների ընթացքում փորձագետներին են ներկայացվել Հայաստանում հանրային կառավարման կառուցվածքը, օրենսդրությունը, քաղաքացիական ծառայության համակարգում առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու նախատեսվող բարեփոխումները, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և բաց կառավարման կառուցակարգերը, էթիկայի և շահերի բախման ինստիտուտների ներդրման միտումները: Քննարկվել են այս հարցերում PADOS ծրագրի կողմից հնարավոր աջակցության ուղղությունները: Նախատեսվում է այս տարվա աշնանը ծրագրի շրջանակներում Երևանում անցկացնել ընդլայնված աշխատաժողով` ներկայացնելու համար ներկայումս իրականացվող գնահատման արդյունքները, դրանց հիման վրա PADOS-ի կողմից ներկայացվելիք առաջարկությունները:
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ քաղաքացիական ծառայության համալրման, էթիկայի և շահերի բախման ինստիտուտների կայացման և վերապատրաստման կարիքների բացահայտման մեխանիզմների կատարելագործումն այն հիմնական առաջնահերթություններն են, որտեղ առավել նպատակային կլինի ծրագրի հետ համագործակցությունը:
PADOS ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել Արևելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման ևկառավարման թափանցիկությունը` նպաստելով ժողովրդավարական կառավարմանը, աջակցելով ԱլԳ երկրների ինստիտուցիոնալկարողությունների և հանրային կառավարման զարգացմանը:
Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. 1-ին` մասնակցություն, էլեկտրոնային ժողովրդավարություն և բաց կառավարում, 2-րդ`էլեկտրոնային կառավարում, տեղեկատվական (կիբեռ) անվտանգություն և տվյալների պաշտպանություն, 3-րդ` հանրայինկառավարման բարեփոխումներ և բարդ իրավիճակներում ղեկավարման նոր մոտեցումներ:
Մեկ տարի տևողությամբ այս ծրագիրն իրականացում է Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտը` էստոնական գործընկերների (Էստոնիայի դիվանագիտական դպրոց, Էլ-կառավարման ակադեմիա, Հանրային ծառայության վերապատրաստումների և զարգացման կենտրոն) հետ: