«Հայաստան» հիմնադրամը Քարին Տակում համայնքային կենտրոն է կառուցել
Общество«Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը: Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, արարողությանը մասնակցելու համար Արգենտինայից հայրենիք են ժամանել արգենտինահայ բարերարներ Նշան Դեվեճիէանը, Քիրքոր Շիմշիրողլուն և Պողոս Էքսերճիէանը:
Երկհարկանի ժամանակակից կառույցը զարդարում է գյուղի մուտքը: Համալիր կենտրոնում այսուհետ կտեղակայվեն գյուղի բուժկետը, գյուղապետարանը, իսկ գրադարանի, համակարգչային սենյակի և հանդիսությունների դահլիճի առկայությունը գյուղում նոր որակ կհաղորդի համայնքի կյանքին:
Հայաստանի և Արցախի գյուղերում գործող այսօրինակ համայնքային կենտրոնները, մեկ տանիքի տակ մեկտեղելով կարևորագույն ենթակառուցվածքները, օգնում են ավելի արդյունավետ կազմակերպել համայնքի կենցաղը և տեղում լուծել շատ հարցեր:
Համայնքային կենտրոնի բացման առիթով էլ դպրոցականները գեղեցիկ սպորտային համազգեստներ ստացան Դեվեճիէան ընտանիքի կողմից: Ավելի քան 660 բնակիչ ունեցող Քարին Տակը` շնորհիվ Հիմնադրամի, այսօր ունի նաև շուրջօրյա ջրամատակարարում, որը ներքին ցանցով հասանելի է համայնքի 160 տնտեսություններին:
Տարեսկզբից Հայաստանում և Արցախում Հիմնադրամի ջանքերով արդեն իսկ բնակիչների կողմից շահագործվում են Պատարա, Խանցք, Խաչմաչ, Շոշ (ԼՂՀ Ասկերանի շրջան) գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները, Սասունիկ համայնքի նորակառույց մանկապարտեզը (ՀՀ Արագածոտնի մարզ) և Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան նորակառույց փակ լողավազանը (Շիրակի մարզ): Առաջիկայում էլ կբացվեն Տավուշի մարզի Կիրանց գյուղի ոռոգման ջրագիծն ու Խաչարձան գյուղի դպրոցը: «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Քարին Տակցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, բնակիչների մի մասն էլ աշխատում է Շուշի քաղաքում, որը գտնվում է գյուղից վեց կմ հեռավորության վրա: Քարին Տակը հայտնի է իր հերոսամարտով, որի ընթացքում գյուղացիները 1992 թ-ին համառորեն դիմադրելով ադրբեջանական զինյալների հարձակմանը` հերոսաբար ետ են մղել թշնամուն և ազատագրել հայրենի գյուղը, որը գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով` այն ժամանակ միակ հայկական գյուղն էր Շուշիի շրջանում: