Հասարակություն-իշխանություն փոխազդեցության այս նախադեպը սարեր է շրջելու. Սամվել Ֆարմանյան
ОбществоՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ամփոփել է, թե ինչ է կարողացել անել անկախության սերունդն իր շուրջ մեկշաբաթյա պայքարի արդյունքում:
«Անկախության սերունդն իր շուրջ մեկշաբաթյա պայքարի արդյունքում լուծեց սոցիալական լրջագույն նշանակություն ունեցող խնդիր՝ հասարակությունը էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակի վճարել հին սակագնով, ինչը նշանակում է, որ կբացառվեն նաև շղթայական ենթադրյալ թանկացումները: Սա աննախադեպ ձեռքբերում է անկախության ողջ պատմության համատեքստում: Հաստատուն հիմքեր դրեց երկրի ամբողջ էներգետիկ համակարգի, նաև ՀԷՑ-ի անխուսափելի առողջացման համար, ինչն այլընտրանք չունի և առաջիկա ամիսներին կարձանագրվեն առաջին պուղները: Բոլորովին նոր մակարդակի բարձրացրեց մեր հասարակության, հատկապես երիտասարդության քաղաքացիական գիտակցությունը, որն ապագայում, անխուսափելիորեն, նոր բարձունքներ է նվաճելու և չի հանդուրժելու բոլոր այն խնդիրներն ու արատները, որոնք այսօր թվում են անլուծելի կամ բարդ լուծելի»,- «Facebook»-ի իր էջում գրառում է կատարել Ֆարմանյանը:
Նա նշել է, որ անկախության սերունդն իր շուրջ մեկշաբաթյա պայքարի արդյունքում արձանագրեց նաև հայաստանյան քաղաքական համակարգի խորը ճգնաժամը, և որ առաջիկա ընտրական գործընթացները անխուսափելիորեն ի հայտ կբերեն նոր դերակատարների, որոնք թթվածին կմատակարարեն ճգնաժամ ապրող քաղաքական համակարգին: «Երկրում ու ողջ հայության շրջանում շրջեց բարոյահոգեբանական մթնոլորտն ու անկումային տրամադրությունները՝ նոր լիցք ու վստահություն հաղորդելով ապագայի վերաբերյալ նախկինում առկա թեական պատկերացումներին: Կազմակերպված ու գիտակից գործողություններո վ, պատասխանատու պահվածքով նախադեպ ստեղծեց, երբ կոնկրետ հարցերի շուրջ իշխանություններին մղում է որոշումների, որոնք արտացոլում են հասարակության պահանջը: Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու»,-շեշտել է Սամվել Ֆարմանյանը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում `Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել ե ն բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: