Պահանջը կատարվել է՝ ժողովրդի գրպանին թանկացումը ուղիղ կերպով չի ազդելու. Տիգրան Քոչարյան
ОбществоԺողովրդի գրպանին թանկացումն ուղիղ կերպով չի ազդելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում ներկայիս իրավիճակը լիցքաթափելուն ուղղված բոլոր քայլերը: Գլոբալ առումով ժողովրդի պահանջը կատարվել է և ժողովրդի գրպանին թանկացումը չի ազդելու, մինչև նախատեսվող աուդիտի արդյունքները: Նաև շատ հնարավոր է, որ աուդիտի արդյունքում սեփականատիրոջ փոփոխության հարց առաջանա, ինչում ես համարյա համոզված եմ, քանի որ ներկայիս սեփականատիրոջ մենեջերական կարողություններին բոլորս ծանոթ ենք և հույս կա, որ նոր սեփականատերն այլ ուղով կտանի այս բիզնեսը և բացթողումները կշտկվեն հօգուտ ժողովրդի», - նկատեց Տիգրան Քոչարյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետի կարծիքով՝ հանրությանը հետաքրքրում է, թե ինչքանով վստահելի կլինեն աուդիտի արդյունքները, ինչքանով բաց ու հրապարակային կլինի այն և ինչքանով յուրաքանչյուր քաղաքացին հնարավորություն կունենա հետևել այդ գործընթացին:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում `Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: