Եթե չընդունվի մեր առաջարկը, ապա կվերականգնենք հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում. Վ. Օսիպյան
ОбществоԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ոմանք ոստիկանության գործողությունները դիտում են որպես անգործություն, և ոմանք ասում են, թե ոստիկանները չեն կարողանում վերահսկել իրավիճակը:
«Այդպես չէ, դուք ինքներդ ականատես եղաք, որ երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը զենքով քաղաքացի է հայտնաբերել: Ինքներդ էլ զարմացաք, թե ոնց կարող է ոստիկանությունը զինված մարդ հայտնաբերի: Դա ևս խոսում է այն մասին, որ ոստիկանությունն այնքան պրոֆեսիոնալ է, որ այդքան քաղաքացիների միջից կարողացել է հայտնաբերել զինված անձնավորություն: Ոստիկանության տեսադաշտում են նաև բոլոր այն չակերտավոր ասած ակտիվիստները, որոնք ագրեսիվ վարքագիծ են դրսևորում և հանդիսանում են նաև որպես սադրիչ»,- ասաց նա:
Հարցին, թե եթե երեկոյան ցուցարարները որոշեն, որ գիշերը պետք է մնան պողոտայում, ոստիկանությունն ինչ է անելու, Օսիպյանը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք բացատրել, որ գործողություններն անօրինական են, անհապաղ դադարեցնեն, վերադառնան Ազատության հրապարակ կամ այլ վայր: Վստահ եմ, որ ժողովուրդը կընդունի մեր բացատրությունը, եթե չընդունի, մենք կվերականգնենք հասարակական կարգը: Օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կօգտագործի ամեն ինչ՝ համաչափ և ադեկվատ, կվերականգնի հասարակական կարգը Մարշալ Բաղրամյան պողոտայում»: