Սեֆիլյանը կոչ է անում շարունակել պայքարը եւ չհեռանալ Բաղրամյան պողոտայից
ОбществоԳործընթացն ավելի վեր է որեւէ խմբից եւ ժողովուրդն իր կամքը պարտադրելու քայլը կատարել է եւ այս պրոցեսը պետք չէ խաթարել։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ես հուսով եմ, որ «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը ի վերջո ժողովրդի մեծամասնության խոսքը կլսի եւ պայքարը կշարունակվի։ Նույնկերպ պետք է մնա, ինչպես կա եւ շարունակել ճնշման միջոցները՝ ցանցային մեթոդն օգտագործել հակառակորդին հյուծելու համար, մինչեւ նահանջի։ Եթե մենք այստեղ ենք, սա նվաճում է եւ պետք է պահպանել այս նվաճումը։ Իսկ մենք միայն օժանդակողի դերում ենք»,-հայտարարեց նա։
Սեֆիլյանի խոսքով, եթե ժամը 18-ին ժողովուրդը հավաքվի եւ ասի՝ ոչ, չենք հեռանում, «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդները պիտի ենթարկվեն։
Դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ մինչեւ ժամը 23-ը պետք է ազատել Բաղրամյան պողոտան, Սեֆիլյանն արձագանքեց. «Ոստիկանությանը չպետք է լսել։ Պետք է պայքարել, ճնշել, իսկ ոստիկանությանն՝ արհամարհել»։
«Սերժ Սարգսյանն ասում է՝ հարգելի քաղաքացիներ դուք չեք վճարելու, հայ ժողովուրդն է վճարելու, կամ հայ ժողովուրդ, դուք չեք վճարելու, ՀՀ քաղաքացին է վճարելու, դա ծիծաղելի է։ Պետք է պայքարը շարունակել մինչեւ 3 պահանջները կատարելը»,-ընդգծեց Սեֆիլյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ միշտ աջակցել են այս շարժմանը, իսկ այսօր եկել են ցուցադրաբար նստացույցին մասնակցելու, իրենց հովանոցներով։
Բաղրամյան պողոտայում արդեն 7 օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով Բաղրամյան փողոցում սկսված նստացույցի 6–րդ օրը` հունիսի 27–ին, նախագահ Սերժ Սարգսյանն խորհրդակցություն է անցկացրել հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար: Բացասական եզրակացության դեպքում, ըստ նախագահի, հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամով բարձրացման ՀԾԿՀ-ի հունիսի 17-ին կայացրած որոշումը: