Եթե գողին չեն բռնել, ապա նոր գումարներ տրամադրելը սխալ է. քաղաքացիները դժգոհ են կայացված որոշումից
ОбществоՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ դրա դեմ պայքարի դուրս եկած ժողովրդի վերաբերյալ, հետաքրքիր եւ երկար սպասված էր: Իրավիճակն ամբողջությամբ ուսումնասիրելուց եւ ՀՀ վարչապետի հետ երկար- բարակ քննարկումներից հետո, առաջ է քաշվել խնդիրը լուծելու մեկ տարբերակ, այն է` ավելացված 7 դրամը վերցնել ժողովրդի ուսերից եւ դնել կառավարության վրա:
Հարկ է նկատել, որ առաջին հայացքից գայթակղիչ թվացող այս առաջարկը, այդքան էլ ցուցարարների սրտով չէ, քանզի խոսքը գնում է ոչ թե Չինաստանի կառավարության մասին, այլ ` Հայաստանի, որը սնվում է ցույցի դուրս եկած նույն ժողովրդից:Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքացի Վազգեն Դարբինյանը, իրենց հիմնական պահանջն ըստ էության ի կատար չի ածվել.
«Մենք իշխանություններին երեք պահանջ էինք ներկայացրել, եւ երեքն էլ պետք է ի կատար ածեն: Ըստ էության, մեր գլխավոր պահանջը չի իրականացվել: Հետաքրքիր է, թե որտեղի՞ց են հայթհայթելու այդ գումարը, որը դնելու են կառավարության ուսերին: Եթե տարբերությունը սուբսիդավորվելու է բյուջեի կողմից, ապա դա էլի մեր բեռն է, ուրեմն ինչ-որ մի տեղից նրանք գտնելու են այդ գումարները թե' պաշտպանության ոլորտից, թե' կրթական եւ այլ ոլորտներից: Միգուցե նրանք կրկին պա՞րտք կվերցնեն, որն ավելի վատ է, քանի որ այդ պարտքի վրա տոկոս է ավելանալու»:
Նա նաեւ հավելեց, որ իրենք պատրաստակամ կլինեն իշխանությունների հետ համագործակցել եւ խնդրին լուծում տալ միայն մեկ պարագայում.
«Մեր պահանջները կատարելուց հետո, մենք կմասնակցենք թե' հանձնաժողովի քննարկումներին, եւ թե' մյուս միջացառումներին, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծել այս խնդիրը: Ցավոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ չի համարվել, հայտարարություն է տարածվել, որը թյուրիմացության մեջ է գցում ժողովրդին: Եթե նրանք ասում են, որ 200 մլն գումար են ստանալու Ռուսաստանից, որպես սուբսիդավորում, ապա դա եւս պարտք է, իսկ ո՞վ է արտաքին պարտքերը փակելու, իհարկե մենք ու մեր երեխաները: Բանակցությունների կգնանք այն ժամանակ, երբ որոշումը չեղյալ կհամարվի: Եթե գողին չեն բռնել, ապա նոր գումարներ տալ տվյալ կազմակերպությանը չի կարելի, քանի որ սկզբից պետք է գտնել ու հասկանալ, թե որտեղից է կորուստը, հետո նոր մտածել, թե ինչպես նոր գումարներ ներդնել այդ համակարգի մեջ»:
Սոսե Չանդոյան