Բաղրամյանում պայքարը Մայդանի հետ կապելը միտումնավոր է արվում. Բորիս Նավասարդյան
ОбществоԵրևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի միջազգային լրատվամիջոցների լուսաբանմանը, ներկայացրեց իր դիտարկումները։
Մասնավորապես, ուկրաինական, եվրոպական երկրների լրատվամիջոցների մոտեցումներում կար ցանկություն հասկանալ, թե սա ինչ գործընթաց է։
«Կար ցանկություն այստեղ տեսնել շարունակությունը այն զարգացումների, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում, սակայն կարծում եմ, որ մարդիկ այդ կարծրատիպով կաշկանդված չեն և երբ հասկանում են, որ դա այլ երևույթ է սկսում են սկզբնական պատկերացումները փոխել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա Բորիս Նավասարդյանն ասաց, որ նրանք ակնհայտորեն իրականություն ներկայացնում են ինչպես ձեռնտու է այսօրվա քաղաքական ղեկավարներին։ Ըստ այդմ՝ այդ ամեն ինչը կազմակերպվում է Արևմուտքի կողմից, որոնք հստակ նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը և այդ ամեն ինչը «միտված է Ռուսաստանին Հայաստանից պոկելուն»։
«Իսկ հաջորդ ուղերձն այն է, որ ամեն ինչ կազմակերպվում է Ռուսաստանի դեմ։ Կարծում եմ, որ այդպիսի քաղաքականությունը տանում է, այնտեղ, որ ինչ-որ ճնշում գործադրվի Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի իրենք ոչ կտրուկ միջոցներ ձեռնարկեն ցույցի մասնակիցների նկատմամբ»,- ասաց նա և կարծիք հայտնեց, որ Բաղրամյան պողոտայում պայքարը Մայդանի հետ կապելը, զուգահեռներ անցկացնելը միտումնավոր է արվում։
«Որովհետև այնտեղից եկած լրագրողները, տեսնելով, թե ինչ է իրականում տեղի ունենում շարունակում են նույն ոճով լուսաբանել, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ եթե նույնիսկ այստեղ գտնվող լրագրողը նշված երեք ուղղություններով ինֆորմացիա չի տալիս, դա ավելացնում են արդեն Մոսկվայում համապատասխան խմբագրություններում»,- ասաց նա։