Տուն գնալ չկա, սակայն պետք է հասկանալ, թե որտե՞ղ է շարունակվելու պայքարը` Բաղրամյան պողոտայու՞մ, թե՞ Ազատության հրապատակում
ОбществоOrer.am-ը տեղեկացնում է, որ այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը խաղաղ է: Քիչ առաջ այստեղ տեղի ունեցավ հարսանեկան արարողությունը, նկատենք, որ սա թվով արդեն երկրորդ պսակադրությունն է աշխարհին հայտնի դարձած Բաղրամյան պողոտայում: Չնայած պայքարի դուրս եկած քաղաքացիները շարունակում են իրենց խաղաղ ցույցը, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ անցկացվող նստացույց-հանրահավաքն ապօրինի է.
«Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ից անցկացվող նստացույցն ապօրինի է։ Այս ողջ ընթացքում ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն, ավելին, նրա բոլոր գործողությունները, անգամ ուժի կիրառումը կատարվել են օրենքի ուժով։ Մենք կարող ենք հասարակական կարգը վերականգնել, սակայն ավելորդ լարվածություն չհրահրելու համար քայլերի չենք դիմում։ Միաժամանակ, ակնհայտ է, որ ցուցարարների պահանջն արդար է, և ես շնորհավորում եմ բոլորիս՝ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության կապակցությամբ։ Այո, սա հաղթանակ է, սա բոլորիս հաղթանակն է: Ես հորդորում եմ ցուցարարներին, ազատել Բաղրամյան պողոտան եւ իրենց ցույցը շարունակել Ազատության հրապարակում»:
Տեղեկացնենք նաեւ, որ այստեղ են գտնվում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ժ. Սեֆիլյանը հավաքված հանրությանը կոչ է անում՝ չխաբնվել իշխանությունների հայտարարություններին եւ շարունակել պայքարը, իսկ Ս. Գիմիշյանը գտնում է, որ հարցին հարկավոր է ավելի խորքային նայել.
«Ես 30 տարի քաղաքականության մեջ եմ եւ պետք է ասեմ, որ սա երկրորդ կամ երրորդ անգամն է, որ հաջողվում է ինչ-որ կերպ հարց լուծել` փառք ու պատիվ երիտասարդներին: Գտնում եմ, որ պայքարը շարունակելը պարտադիր է, սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե որտեղ` Բաղամյան պողոտայու՞մ, թե՞ Ազատության հրապարակում: Մենք` քաղաքացիներս, մեկ շաբաթվա ընթացքում պետք է խնդիրր դնենք եւ լուծենք, եթե խնդիրը ձեւակերպված չէ, եւ ժողովուրդը չի հասկանում, թե ինչու պետք է գա պայքարի, ապա այս ամենը կքանդվի, կմնան միայն երիտասարդները, նրանց կջարդեն, փողոցը զոռով կբացեն եւ փոքրիկ հաղթանակը կվերածվի պարտության: Տուն գնալ չի կարելի, պետք է ավելի համախմբվել եւ կազմակեպվել, այս ամենին պետք է միանան նաեւ մտավորականները: Հավաքված մարդիկ Ազատության հրապարակում պետք է մնան, որպես հարցի վերահսկիչներ, երբ հարցը լուծվի, ժողովուրդը պետք է բարձրացնի գազի խնդիրը: Այսինքն, ժողովրդի ձայնն իշխանությունը պետք է լսող լինի ու կատարող, իսկ եթե իշխանությունը լսող լինի, ապա փառք ու պատիվ այդ իշխանությանը»:
Սոսե Չանդոյան