Մենք ունենք հաղթանակ, որը դուռ ու լուսամուտ է բացում խնդիրը լուծելու համար.Թեւան Պողոսյան
ИнтервьюՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը թյուրիմացության մեջ է գցել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Պայքարի դուրս եկած ցուցարարների մի մասը գտնում է, որ իշխանությունը չի կատարել իրենց կողմից առաջ քաշված պահանջներից եւ ոչ մեկը, իսկ մյուս մասը տեղի ունեցածը համարում է հաղթանակ: Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունի Նախագահի որոշման վերաբերյալ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ով այս օրերին մշտապես գտնվել է ակտիվ պայքարող քաղաքացիների կողքին: Orer.am-ի հետ զրույցի ժամանակ պատգամավորը տեղի ունեցածը որակավորեց, որպես փոքրիկ հաղթանակ.
«Ես գտնում եմ, որ մենք ունենք հաղթանակ, սակայն դա դուռ ու պատուհան բացելու, հետագա քայլերն իրականացնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հաղթանակ է: «Ոչ թալանին» նախաձեռնության գաղափարը նվիրված է նրան, որ չպետք է թույլ տալ, որ թալան իրականացվի: Նկատեմ, որ եթե աուդիտ է լինելու ու բացահայտումներ է արվելու, ապա թալանածը պետք է ամբողջությամբ հետ վերադարձվի: Եկեք, նկատենք, որ իշխանություններն այսօր ապահովել են հիմքեր` բարձրաձայնված խնդիրները լուծելու համար: Պետք է ասեմ, որ առաջին անգամ ստեղծվել է այնպիսի վիճակ, որ իշխանությունները լսում են քաղաքացիների պահանջները եւ ոչ թե արհամարհում են ու շարժվում առաջ: Պետք է նայել ու հասկանալ, թե ինչպե՞ս է համակարգը զարգանալու, ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու՝ գողոնը վերադարձվի բյուջե : Պետք է հասնել նրան, որ համակարգը աշխատի զարգանալով, իսկ սակագինն էլ լինի իրականում հաշվարկված եւ լինի մեր բոլոր կարիքների եւ ճշտված տեղեկությունների վրա»:
Հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովուրդը որոշի մնալ Բաղրամյան պողոտայում, Թեւան Պողոսյանը պատասխանեց.
«Եթե ժողովուրդը մնա, ապա իշխանությունը կասի, որ ինքը խնդիրները լուծելու քայլերը կատարել է, դրական աուրա է ապահովել, որ հարցը լուծվի եւ վերջին հաշվով, պարզապես կարող է գործողություններ ձեռնարկել, որոնք նվիրված կլինեն նրան, որ քաղաքի զարկերակը` գլխավոր ճանապարհներից մեկը, բացվի: Դա կարվի անգամ բռնի ուժով»:
Սոսե Չանդոյան