Հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ընկերության աղբամաններն առգրավելու համար
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիները երեկ բաժանվեցին երկու մասի: Նրանց մի մասը գնաց Ազատության հրապարակ, իսկ զգալի մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում:
Տեղեկացնենք, որ մինչեւ թեւերի բաժանվելը «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան կոչով եւ հանրային քննարկման դրեցին Բաղրամյան պողոտայում մնալ-չմնալու հարցը:
Սակայն հայտարարությունից հետո ակցիայի կազմակերպիչները մարդկանց հորդորում ու խնդրում էին, որպեսզի նրանք հետեւեն իրենց եւ գնան հրապարակ, քանզի ոստիկանությունը դեռ առավոտյան հայտարարել էր, որ մինչ 23.00 քաղաքացիները պետք է ազատեն Բաղրամյան պողոտան:
Ինչեւէ, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. Բաղրամյան պողոտայում հայտնվեցին սադրիչներ՝ Սեֆիլյանների տեսքով, ովքեր փորձում էին հնարավորինս հրահրել ժողովրդին՝ անկագրություններ իրականացնելու համար: Սակայն, ինչպես ասում են, ի հիասթափություն նրան՝ այս անգամ Սեֆիլյանի պլաններն ամբողջությամբ տապալվեցին: Ոստիկանների հանդեպ զինված հարձակում հրահրողին ձերբակալեցին:
Վիճակն ավելի վերահսկելի դարձնելու համար ակցիայի կազմակերպիչները որոշեցին լինել եւ՛ Բաղրամյան պողոտայում, եւ՛ Ազատության հրապարակում` ժողովրդի կողքին:
Տեղեկացնենք, որ հավաքված մարդիկ գիշերել են փողոցում, իսկ ոստիկանությունը չի դիմել որեւէ գործողության, արտառոց դեպքեր եւս չեն գրանցվել:
Ի դեպ, ոստիկանությունը առավոտյան տեղեկացրել էր, որ Բաղրամյան պողոտայից պետք է վերացվեն բարիկադները` «Սանիտեկ» ընկերության աղբամանները, ինչը դժգոհության պատճառ դարձավ ակցիայի մասնակիցների համար: Գնդապետ Արսեն Այվազյանը հայտարարել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը» հոդվածով, եւ հունիսի 28-ին քննիչը որոշում է կայացրել առգրավվել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող եւ տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:
Արսեն Այվազյանը զրույցի ժամանակ նաեւ նշել է, որ քննիչը ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ իրականացնելու է առգրավման քննչական գործողություն: Կազմված քննչական գործի հետ կապված՝ ակցիայի մասնակիցնեը պահանջել են իրենց ներկայացնել իրազեկման թերթիկի 15,000 օրինակ, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ դրան: Ի դեպ, ցուցարարները նաեւ տեղեկացրել են, որ հավաքվածներից շատերը հայերենին չեն տիրապետում եւ պահանջել են այդ թռուցիկները թարգմանել այլ լեզուներով եւս:
Սոսե Չանդոյան