Սա ոչ թե մի քանի դրամի կռիվ է, այլ ամբողջությամբ այլ հարց
ИнтервьюԲաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում այս պահին վիճակը խաղաղ է: Ցուցարարները, չնայած եղանակային շոգ պայմաններին, շարունակում են մնալ փողոցում: Ավելին` նրանք գտել են արեւի ճառագայթներին դիմակայելու մի քանի տարբերակներ` հովանոցներ, անձրեւանոցներ եւ, իհարկե, ջուր, որով այս պահին ողողված են Բաղրամյան պողոտայի սկզբնամասի մայթերն ու երթեւեկության համար նախատեսված տարածքը:
Թեպետ մարդկանց թիվն այդքան էլ շատ չէ, ինչպես լինում է երեկոյան ժամերին, այնուամենայնիվ ցուցարարները պնդում են, որ քիչ ավելի ուշ իրենց են միանալու հազարավոր մարդիկ: Իսկ թե ինչու ստացվեց այնպես, որ երկարատեւ պայքարից հետո պահանջատեր քաղաքացիները բաժանվեցին երկու մասի, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պայքարը հենց սկզբից միասնական է եղել: Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ առաջին իսկ օրվանից եղել են շատ տարբեր իրենց մոտեցումներով եւ տեսակետներով: Երեկ փորձեցին ձեւավորել լիդերների, սակայն դա չստացվեց: Իսկ ընդհանուր առմամբ դա ցացային գործընթաց էր, որի հետագա քայլերի ու պայքարի մեթոդների մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ»:
Հարցին, թե արդյոք ճիշտ կլինի նախագահի հայտարարությունից հետո մնալ Բաղրամյան պողոտայում, քաղաքագետը պատասխանեց. «Խորհուրդներ տալ առհասարակ չեմ սիրում: Ինչ պետք է անեն կամ չանեն պայքարի դուրս եկած մարդիկ, չեմ կարող ասել, քանի որ դա իմ գործը չէ: Գտնում եմ, որ ուլտիմատումներով խոսելն այս պարագայում ճիշտ է, քանի որ ի սկզբանե հենց նման շեշտադրում է եղել, իսկ բանակցությունների մասին խոսելը սխալ է»:
Պարոն Իսկանդարյանն իր խոսքում նշեց, որ սա ոչ թե մի քանի դրամի պայքար է, այլ մեկ ուրիշ հարթության վրա գտնվող հարց. «Ես գտնում եմ, որ սա ոչ թե մի քանի դրամի կռիվ է, այլ ամբողջությամբ ուրիշ հարց. հավաքված մարդիկ ցանկանում են պարզապես իրենց դժգոհությունը հայտնել սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ, սակայն այս պահին խոսքը վերաբերում է կոնկրետ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»:
Սոսե Չանդոյան