«Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարը շարունակելու է ավելի լայն ֆորմատով
ОбществоԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր Բաղրամյան պողոտան կրկին զգալի մարդաշատ է, սակայն հավաքված մարդիկ կարծես թե մտամոլոր են, չեն հնչում այլեւս հայրենասիրական երգեր, չկան պահանջատիրական կոչեր` ուղղված ՀՀ իշխանություններին եւ բազմաբովանդակ անուն ունեցող Բիբինին:
Տեղեկացնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիներից շատերն էլ հավաքվել են Ազատության հրապարակում, նրանց առաջնորդում եւ կազմակերպում են «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամները: Ի դեպ, նախաձեռնության անդամները քիչ առաջ հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ վերջիններս պայքարելու են մինչեւ վերջ. ««Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը ավելի լայն ֆորմատով»,- այս մասին հայտարարեց նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունը շարունակելու է փողոցային պայքարը, ձեւավորվելու են իրավաբանական, տնտեսագիտական խմբեր, կազմակերպվելու են հանրային քննարկումներ:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում, ուստի հետեւողական ենք լինելու, որ մեր պահանջները լիարժեք կատարվեն: Պահանջելու ենք, որ բոլոր ոստիկանները, որոնք հունիսի 23-ին խաղաղ ցուցարաների նկատմամբ բռնություն են կիրառել, պատժվեն»,- ասաց նա: Նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում ժամը 19:00-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանրային քնննարկում է անցկացնելու (տեղեկացնենք, որ այն այս պահին ընթանում է բազմաթիվ մտահոգ քաղաքացիների ընդգրկվածությամբ):
Կրկին անդրադառնալով բուն խնդրին եւ ստեղծված իրավիճակին` նախաձեռնող խմբի անդամներից Սոֆյան հարցազրույցի ժամանակ նշեց, որ տարբերություն չի տեսնում Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում պայքարի դուրս եկած քաղաքացիների մեջ. «Գտնում եմ, որ մեր քայլերը ամենեւին էլ առանձնացված չեն Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողների քայլերից: Մեր բոլորիս նպատակը մեկն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի կասեցումը: Հիմա անց է կացվում հանրային քննարկում, որի ժամանակ տեսակետները կֆիլտրվեն եւ կներկայացվեն հանրությանը»:
Սոսե Չանդոյան