Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. Երազը կողաշրջվել է, կան վիրավորներ. քիչ անց նույն վայրում բախվել են Mercedes-ները
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երազ մակնիշի 34 AQ 633 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե հատվածին և կողաշրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին նշված հատվածով անցնելիս է եղել շտապօգնության բրիգադը և բժիշկները չսպասելով Սևանի հիվանդանոցի բժիշկների ժամանմանը` նրանց տեղափոխել են:
Վթարի վայր է ժամանել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են ավոմեքենայի գազի արտահոսքը, այնուհետև դարձի են բերել մեքենան: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և ուղևորուհու ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ հրշեջները, քննիչներն ու ոստիկանները գործողություններ էին կատարում` վթարի վայրում` նշված հատվածում, իրար բախվեցին հետաքրքրասեր 2 քաղաքացիների Mercedes-ները, որոնցից մեկը եղել է 22-ամյա Գառնիկ Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 32 ՕՍ 490 համարանիշի, մյուսը` 21-ամյա Մհեր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 34 QM 649 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, այս դեպքում զոհեր և վիրավորներ չկան: