Բաղրամյանում մնալը կտաներ լճացման. «Ո'չ թալանին» նախաձեռնության անդամներ
Общество«Ո'չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տվեցին հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները` խոսելով հետագա քայլերի ու ծրագրերի մասին:
Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ տեղի ունեցավ այն ինչ հայտարարվեց. «ժողովրդի մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ մյուս մասը գնաց դեպի Ազատության հրապարակ, այսինքն ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ցանկացավ ժողովուրդը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե մեր թիմում պառակտում է եղել, ապա ասեմ` որեէ պառակտում մեր թիմում տեղի չի ունեցել, մենք հիմա զբաղվում ենք այլ աշխատանքներով: Նպատակ ունենք զրուցել իրավաբանների, տնտեսագետների հետ, պետք է հանդիպենք նաեւ մարզերում ինքնակազմակերպված եւ բողոքի ակցիային միացած քաղաքացիների հետ»:
Համակարգող խորհրդի անդամներից Սոփյա Հովսեփյանն էլ հավելեց. «Մենք բավական երկար մնացինք Բաղրամյան պողոտայում: Այո՛, փողոցներ փակելով՝ մենք մեր պահանջն էինք ներկայացնում եւ չէր փոխվում մեր նպատակը, սակայն անընդհատ տարածքում լինելը խանգարում էր ստեղծված իրավիճակն այլ տեսանկյունից տեսնելուն: Միայն փողոց փակելով՝ մենք արդյունքի չենք հասնելու. մեզ հարկավոր են մասնագետների խորհուրդներ, հարկավոր է հասկանալ արդյո՞ք մեզ պետք է, որ գումարը գանձվի բյուջեից, արդյո՞ք աուդիտ անցկացնել հարկավոր է:
Քայլերի փոփոխությունը ոչ թե պառակտում է, այլ առաջ գնալու քայլ է: Մենք երեկ եղել ենք ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ Բաղրամյան պողոտայում, սակայն որպես քաղաքացիներ, այլ ոչ թե նախաձեռնող խմբի անդամներ: Եթե մենք դուրս էինք եկել Բաղրամյանից՝ դա չի նշանակում, որ դադարեցնելու էինք մեր համագործակցությունը տեղի ժողովրդի հետ, սակայն պետք է հասկանալ, որ Բաղրամյանում մնալը կտաներ պայքարի լճացման»:
Արտուշ Չիբուխչյանն էլ հստակեցում մտցրեց տարածված այն տեսակետների վերաբերյալ, թե իբր իրենք բավարարված են ՀՀ նախագահի հայտարարությունից. «Ասեմ, որ մենք չենք բավարարվել նախագահի հայտարարությամբ: Մեր ոչ մի պահանջ լիարժեք չի կատարվել, հետեւաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք. գնալու ենք Բաղրամյան ու կանգնելու ենք ժողովրդի կոքին, մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից»:
Սոսե Չանդոյան