«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները՝ սադրիչների եւ Բաղրամյանում տիրող ներկայիս իրավիճակի մասին
Общество«Բաղրամյանում հավաքված մարդիկ մեր ընկերներն են: Մենք ամեն գիշեր այնտեղ ենք լինում ու լուսացնում: Փողոց դուրս եկած ժողովուրդը քաջ գիտակցում է, թե ինչի համար է պայքարի ելել». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները:
Նրանք Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդից առանձնանալը բացատրեցին նրանով, որ պայքարը գնալով լճանում էր, իսկ հաջողություններ ունենալու համար հարկավոր էին նոր քայլեր, նոր մոտեցումներ:
Համակարգող խորհրդի անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ իրենց թիմն այս պահին զբաղվում է խնդիրը տարբեր հարթություններում լուծելով. «Մենք քննարկում ու փորձում ենք հասկանալ, թե ինչ մեթոդներով է պետք պայքարել եւ հարցին լուծում տալ: Շատերը պնդում են, որ աուդիտը որեւէ բացահայտում չի անի: Նախ պետք է հասկանալ, եթե լինի աուդիտ, ապա ինչ դեր ենք մենք ունենալու դրանում, արդյո՞ք մեզ ընդգրկելու են գործընթացներում՝ ապացուցելու, որ տեսեք հասարակության ներկայացուցիչներ կան եւ այլն»:
Նա նաեւ հավելեց, որ իրենք բացահայտողի դերում հանդես գալ չեն ցանկանում. «Մենք չենք ուզում ինքներս բացահայտումներ անել, մենք պարզապես պահանջում ենք, որ դա անեն համապատասխան անձինք` մասնագետները»:
Իսկ այժմ Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակի, այսպես կոչված սադրիչների եւ քաղաքական որոշ ուժերի հնարավոր ազդեցության վերաբերյալ բանախոսները նշեցին.
«Այլ ուժեր նախաձեռնության վրա չեն կարող ազդել եւ մարդկանց ուղղորդել: Եթե մի տարածքում հավաքվում է քսան հազարից ավելի մարդ, ապա չեն կարող սադրիչներ չլինել: Սեֆիլյանն ու այլ քաղաքական գործիչներ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, կարող են իրենց կարծիքն արտահայտել, բայց դա չի նշանակում, որ դա ազդում է նախաձեռնության կամ որոշումների վրա: Մենք խորհուրդներ ընդունում ենք ոչ թե քաղաքական ուժերից, այլ դրանց անդամներից»,- հայտարարեցին նախաձեռնող խմբի համակարգողները:
Սոսե Չանդոյան