Արտաշատի տարածաշրջանում 241 անհատ գումար է ստանում սեփական հողամասում աշխատելու համար
Общество«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրով Արտաշատի տարածաշրջանին տրվել է 49 մլն դրամ գումար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը նշեց,որ առ այսօր եր եք փուլով կնքվել է 220 պայմանագիր` 241 մասնակցով, որի ընդհանուր գումարը կազմում է 41 մլն 858 հազար դրամ: «Հուլիսի սկզբին նախատեսում ենք մնացյալ 7 մլն դրամն ամբողջանալու համար չորրորդ փուլով պայմանագրեր կնքել եւս 25-30 անհատի հետ»,-ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ պայմանագրերի կնքումն իրականացվել է ապրիլից:
Ելնելով ծրագրի իրականացման պայմաններից՝ մասնակցություն ունեցող ընտանիքները պետք է ընդգրկված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ստանան ընտանեկան նպաստ, ընտանիքի կազմում ունենան հաշմանդամ, երկու եւ ավելի անչափահասներ: Մեկ անձի համար օրական վճարվում է 4000 դրամ, որից հանվում է եկամտահարկը եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը: Իսկ այն անձինք, ովքեր բնակվում են միայնակ, բայց ունեն մեծ հողամաս` վարձում են աշխատողներ,որոնց համար օրավարձը սահմանված է 3000 դրամ: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր անհատ ունենում է հաշվեհամար, եւ իր գումարը ստանում փոխանցումով: «Հրաշալի ծրագիր է. ամենակարեւորը, որ գյուղացին գոհ է, հաճույքով գալիս են պայմանագրեր կնքելու, ընդգրկվում ողջ ընտանիքով: Սա գյուղացու համար այն բացառիկ ծրագրերից մեկն է, որ հողագործը պետության կողմից գումար է վաստակում իր իսկ հողամասը մշակելու համար, նաեւ ստանում իր աշխատանքի արդյունքը` բերքը: Սրանից լավ առաջարկ եւ հնարավորություն գյուղացու համար չէր կարող լինել»,- կարեւորելով ծրագրի իրականացումը՝ ընդգծեց կենտրոնի տնօրենը՝ ավելացնելով միայն, որ այս աշխատանքը չափազանց աշխատատար կենտրոնի աշխատակիցների համար. նրանք են յուրաքանչյուր գյուղացու հետ անհատապես իրականացնում ողջ թղթաբանությունը, հաշվապահությունը, գործարար ծրագրերի կազմումը, գյուղացիների հետ զրույցները, եւ այլն: «Չնայած շատ է աշխատատար, բայց լավ ծրագիր ենք իրականացնում. օգտվում է գյուղացին: Սա շատ կարեւոր է»,-ընդգծեց նա:
Մայիսի 2-ից այս ծրագրում իրականացվել է փոփոխություն: Եթե նախկինում պայմանագիրը կնքվում էր երեք ամսով, ապա այժմ այն դարձել է վեց ամիս: Փոփոխություն է կատարվել նաեւ այն առումով, որ եթե նախորդ տարի ծրագիրն իրականացվեց ցրտահարությունից տուժած ընտանիքների համար, ապա այս տարի արդեն հետեւյալ պայմաններին համապատասխանող գյուղացիների համար. հաշմանդամություն, երկու եւ ավելի երեխա ունեցող, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներ:
Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013 թվականին Արմավիրի մարզում: Համարվելով ՀՀ կառավարության կողմից իրականացված հաջողված ծրագրերից մեկը` 2014 թվականից այն կյանքի կոչվեց հանրապետության չորս մարզերում: Նախորդ տարվանից այն մտել է «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության կողմից իրականացվող պետական ծրագրերի մեջ:
Լիլիթ Մաճկալյան