Հետաքրքիր զարգացումներ՝ Բաղրամյան պողոտայում. տարածքից հանվել են զրահամեքենան եւ ջրցան մեքենաները
ОбществоԹեպետ այս պահին Բաղրամյան պողոտայում վիճակը խաղաղ է, իսկ փողոցն էլ մարդաշատ չէ, սակայն այսօր տեղի են ունեցել հետաքրքիր զարգացումներ. բարիկադներից այն կողմ գտնվող ոստիկանական պատնեշն այլեւս չկա, ցուցարարների բարիկադներից դեպի վեր ընկած հատվածում ճաղավանդակներ են, որոնց երկու ծայրերում միայն իրականացվում է ոստիկանական հսկողություն:
Տեղեկացնենք նաեւ, որ տարածքից հանվել են նաեւ զրահամեքենան եւ ջրցան մեքենաները, ինչի վերաբերյալ էլ ոստիկանները տվել են մեկնաբանություն՝ ասելով, թե այս պահին այդպես են նպատակահարմար գտնում:
Հարկ է նկատել, որ ոստիկանական հսկողությունը թուլացել է միայն առավոտյան: Ինչ վերաբերում է այս գիշերվան, ապա այն բավական խաղաղ է անցել՝ առանց որեւէ միջադեպերի: Թեպետ պայքարի դուրս եկած քաղաքացիներին մեկ անգամ չէ, որ ոստիկանությունը հորդորել է լքել տարածքը եւ բացել Բաղրամյան պողոտան, այնուամենայնիվ, նրանք շարունակում են իրենց պայքարը՝ առանց զիջումների:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հայցը շտապ ընթացակարգով իրենց շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրել են գիշերը: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ այդ շտապ հայցում ներկայացված է, որ այստեղ՝ Հայաստանում, բողոքի ցույց անող քաղաքացիների առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ, քանի որ հունիսի 23-ին նույն ակցիայի ժամանակ 25 քաղաքացի բուժօգնության է դիմել, որոնցից 5-ը վերակենդանացման բաժնում են եղել, ՀՀ ոստիկանապետն էլ հայտարարել է, որ ավելի խիստ մեթոդների են դիմելու ցուցարարների նկատմամբ: Հայցում մանրամասն ներկայացվել են նաև ոստիկանության եւ իշխանությունների կողմից կատարված բոլոր իրավախախտումները՝ լրագրողների աշխատանքի խոչընդոտում, խաղաղ հավաքների ժամանակ անձանց նկատմամբ բռնությունների կիրառում, բերման ենթարկված անձանց սահմանված ժամկետից ավելի ոստիկանական բաժիններում պահելը:
Սոսե Չանդոյան