«Երևան ջուրը» մեկնաբանում է ջրի սակագինը անփոփոխ թողնելու որոշումը
Общество«Երևան ջուր» ընկերությունը պատրատ է անփոփոխ թողնել ջրի սակագինը` հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված սոցիալական ոչ դյուրին վիճակը: «Երեւան ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ թեև այդ որոշումից ընկերության եկամուտը կնվազի 400 մլն դրամով, սակայն բաժանորդը դրանից չի տուժի:
«Գիտակցելով իր՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը եւ հաշվի առնելով ներկայում հանրապետությունում ստեղծված սոցիալական ոչ դյուրին վիճակը՝ «Երեւան ջուր» ՓԲԸ-ն իր հիմնադիր Veolia Group-ի համաձայնությամբ հնարավոր համարեց հուլիսի 7-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում չպնդել գործող սակագների բարձրացման անհրաժեշտությունը»,- Արմենպրեսիի փոխանցմամբ` նշված է հայտարարության մեջ:
Այսպիսով, ՀԾԿՀ-ի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո բնակչության համար ջրի սակագինը կմնա նույնը: «Դա կնշանակի` ընկերությունը, որ 2006թ. սկսել է աշխատել 172,8 դրամ/խմ սակագնով, 10 տարի անց՝ 2016թ. մայիսի 31-ին կավարտի իր գործունեությունը բացարձակ արտահայտությամբ սակագնի 2,544 դրամ նվազեցմամբ: Եվ դա այս տարիներին ապրանքների եւ ծառայությունների համատարած թանկացման, 53 տոկոս կազմող սղաճի ու էլեկտրաէներգիայի սակագնի 20 դրամ բարձրացման պարագայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Սակագնի բարձրացումից ակնկալվող ավելի քան 400 մլն դրամը ընկերությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել համակարգում էլեկտրաէներգիայի հետագա տնտեսմամբ ու շահագործման ծախսերի նվազեցմամբ: Մնացած գումարով ծրագրված աշխատանքները կֆինանսավորվեն եկամուտների այլ աղբյուրներից: «Սպառողը չի տուժի, բոլոր ներդրումային ծրագրերը կշարունակվեն: «Երեւան ջրի» ֆինանսական վիճակը կայուն է: Սակագնի վայրիվերումները ընկերության համար այլեւս չունեն վճռորոշ նշանակություն: Ճիշտ մենեջմենթ, հստակ հաշվարկ, համակարգի օպտիմալացում, ռեսուրսների խնայողության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն. ահա ընկերության առաջընթացի հիմնական գործոնները»,- հայտնում են ընկերությունից:
Այս պայմաններում «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն սակագնի ճշգրտված հաշվարկի քննարկումը համարում է բնակիչ-բաժանորդների այսօրինակ վարքը խրախուսելու հնարավորություն եւ խնդրում է սակագներն անփոփոխ թողնելու իր պատրաստակամությունը դիտարկել որպես պատասխան շնորհակալական քայլ: