Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը համալրվել է գերմանական արխիվների երեք նոր փաստաթղթով
ОбществоԿոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը համալրվել է Կոմիտասի կյանքին վերաբերող երեք նոր նյութերով և փաստաթղթերով: Այս մասին հուլիսի 2-ին լրագորղներին տեղեկացրեց Կոմիտասի թանգարան-ինստիտոտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը:
«Խորհրդանշական է, որ Կոմիտասի արխիվային փաստաթղթերի փնտրտուքը դարձյալ գերմանական կողմի նախաձեռնությամբ է սկսվել: Գերմանական մշակութային և կրթական միջավայրը մեզ համար XIX դ. վերջին և XX դարի սկզբին մեծագույն կարևորություն ուներ, որովհետև մեր մտավորականության մեծամասնությունը կրթվում էր Գերմանիայում: Օրինաչափ է, որ մեր մշակույթին առնչվող բազմաթիվ փաստեր պետք է փնտրենք այդ երկրում», Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Մհեր Նավոյանը:
«Կոմիտասին վերաբերվող փաստաթղթեր փնտրելու աշխատանքի ժամանակ հայ գիտնականները եղան գերմանական Հումբոլդտի համալսարանի արխիվներում, որը նախկինում Ֆրիդրիխ Վիլհելմի կայսերական համալսարանն էր: Այդ համալսարանի փիլիսոփայության բաժանմունքի երաժշտագիտական բաժնում էր սովորել Կոմիտասը», - ասաց Մհեր Նավոյանը:
Թանգարան-ինստիտոտի գիտական խորհրդի ղեկավարը հույս հայտնեց, որ այնտեղ կհաջողվի գտնել շատ փաստաթղթեր: Սակայն այս պահին հայկական կողմը հնարավորություն էր ստացել վերցնելու ընդամենը երեք փաստաթուղթ, որոնցից մեկն է Կոմիտասի դիպլոմային վավերականի մայր օրինակը:
Այնտեղ պահպանվում է Կոմիտասի ուսումնական տարիների և կիսամյակների մասին ինֆորմացիա, յուրաքանչյուր կիսամյանկում Կոմիտասի հանձնած առարկաների ցանկը, պրոֆեսորների անունները: «Սա մեզ հայտնի էր, սակայն մենք հիմա ունենք այդ փաստաթղթի պատճենը, և ըստ դրա մենք կարող ենք պատկերացում կազմել Կոմիտասի կրթության և նրա մասնագիտական վարպետության հղկման շրջանակների մասին: Նաև կարևոր հանգրվանը, որտեղ մենք փորձեցինք փնտրել Կոմիտասին առնչվող փաստաթղթեր՝ Լայպցիգի Սաքսոնական պետական արխիվներն են, որտեղ պահպանվում են Եվրոպայի հնագույն հրատա րակչատան «Բրայթհով և Հերթելի» արխիվները», - նշեց Մհեր Նավոյանը:
Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանը տեղեկացրեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` Կոմիտասի կյանքին վերաբերվող փաստաթղթերի ուսումնասիրման և հավաքագրման առաջին աշխատանքներն ի կատար են ածվում շնորհիվ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ի դեմ արդեն նախկին դեսպան Ռայներ Մորելի և ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգի:
Այս պահին գերմանական գործընկերները սիրահոժար զբաղվում են Կոմիտասին վերաբերվող փաստաթղթերի որոնմամբ, սակայն աշխատանքների բարդությունը կապված է փաստաթղթերի 100 տարվա վաղեմության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: