Ակտիվիստի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ «Բերդ» պարի ժամանակ
ОбществоԱյս պահին Բաղրամյան պողոտան, որտեղ արդեն տասը օր է անց է կացվում նստացույց, կրկին մարդաշատ է,- հայտնում է Orer.am-ը: Հարյուրավոր քաղաքացիներ եկել են միանալու իրենց պահանջատեր ընկերներին, ովքեր 24 ժամ լինում են տվյալ պողոտայում:
Ինչպես եւ հայտարարվել էր ի սկզբան անցկացվող նստացույցը կրում է խաղաղ բնույթ, ուստի հավաքված մարդիկ, որպես զբաղմունքի միջոց, ընտրել են հայկական երգն ու պարը:
Ի դեպ, քիչ առաջ «Բերդ» պարելիս կտրուկ վատացավ ակտիվիստներից մեկի ինքնազգացողությունը, նրան առաջին բուժօգնություն ցուցաբերեցին «Շտապօգնության» աշխատակիցները: Այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վաերի Օսիպյանը:
Տեղեկացնենք, որ սա արդեն թվով երկրորդ դեպքն է, երբ վատանում է ակտիվիստի ինքնազգացողությունը, առավոտյան եւս նման դեպք է գրանցվել, կտրուկ վատացել էր հացադուլ իրականացնողների ինքնազգացողությունը:
Բաղրամյան պողոտա ժամանած «Շտապօգնության» բժիշկները նրանցից մեկին` Հարություն Հարությունյանին, առաջարկել են տեղափոխվել հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից` մերժելով նաև գլյուկոզա ներարկելու առաջարկը, քանի որ դա կնշանակեր հացադուլի դադարեցում: Ուստի բժիշկները միայն հանգստացնող դեղորայք են ներարկել նրան:
Հացադուլ հայտարարած մյուս երիտասարդի` Հայկ Պարիկյանի վիճակը ևս բավարար է գնահատվել բժիշկների կողմից: Նրանք հայտնել են, որ Հայկի արյան շաքարի մակարդակը գտնվում է թույլատրելի նվազագույն կետում, և եթե վիճակը էլ ավելի վատանա, նա ստիպված պետք է լինի դադարեցնել հացադուլը:
Նշենք, որ բժիշկների կողմից ստուգվելուց ու անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո երիտասարդները շարունակում են հացադուլը` ՀԾԿՀ-ի որոշման չեղարկման պահանջով:
Տեղեկացնենք, որ Հայաստանում եւ Երեւանում այս օրերին նկատվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, ուստի քաղաքացիներին նախապես զգուշացվել էր հնարավորինս քիչ շրջել արեւի տակ եւ շատ հեղուկ օգտագործել:
Սոսե Չանդոյան