Հայաստանում տարեցտարի ավելանում է մշակվող հողերի ծավալը
ОбществоՀայաստանի Հանրապետությունում մեծացել է վերջին տարիներին մշակվող հողային տարածքների ծավալը: Եթե 2010 թվականին մշակվել է ամբողջ հանրապետության վարելահողերի մոտ 62 տոկոսը, ապա արդեն 2014 թվականին մշակվել է 74 տոկոսը:
Անցած 4 տարիների ընթացքում լրացուցիչ 50 հազար հա հող է մշակվել: Այս տարի ևս լրացուցիչ մշակվել է 17 հազար 300 հա վարելահող: Այս մասին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ շուտով ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի այս ցուցանիշը: «Մշակվող հողերի ծավալները հասցնում ենք մոտավորապես 78 տոկոսի: Սա բավական լուրջ ցուցանիշ ու ձեռքբերում է մեզ համար, որովհետև մինչև 2010 թվականը տարեկան մշակվող հողերի ծավալները պակասում էին : Նաև շատ կարևոր է, որ այս գործընթացը բոլոր մարզերում է իրականացվում»,- նշեց Սերգո Կարապետյանը՝ ավելացնելով, որ կան մարզեր, որտեղ այդ ցուցանիշը բավական բարձր է, ինչպես, օրինակ, Գեղաքունիքի և Շիրակի մարզերում:
«Շիրակի մարզում այս տարի մշակվող հողերի ծավալները հասնում են մոտ 84 տոկոսի: Սա բարձր ցուցանիշ է մեր հանրապետության համար: Այս գործընթացը մենք շարունակելու ենք: Կան ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականներն առ այն, որ 4-5 տարի հետո մենք չմշակվող հողեր չունենանք՝ բացառությամբ այն տարածքների, որտեղ մշակելն անհնար է, դրանք են՝ ականապատված կամ աղակալված հողերը, որոնք մոտ 18-20 հազար հա են կազմում»,-ավելացրեց Սերգո Կարապետյանը: