Շառլ Ազնավուրը համերգ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում
КультураՖրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հաստատել է, որ համերգ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում: Արմենպրեսի փոխանցմամբ՝ համերգասրահի պաշտոնական՝ royalalberthall.com կայքը տեղեկացնում է, որ համերգը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
«Համերգի տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել հուլիսի 3-ից»,-նշված է սրահի կայքում: Իրադարձության մասին Ազնավուրը գրառում է կատարել նաև իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում:
stereoboard.com կայքը տեղեկացնում է, որ Անզավուրի առաջին համերգը Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում տեղի է ունեցել 1966 թվականին: «Դրանից հետո միշտ էլ մեծ հաճույքով եմ ելույթ ունեցել Լոնդոնում: Նոյեմբերի 3-ին վերադառնալն ու իմ երկրպագուներին նորից հանդիպելն իսկական ուրախություն է»,-նշել է Շառլ Ազնավուրը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: